Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը փորձում է ընդօրինակել ժողովրդավարական միջոցներով իշխանության եկած քաղաքական այլ ուժի, իսկ այդ ընդօրինակումը հաջողության հասնել չի կարող․ քաղաքագետ

Ընդդիմությունը փորձում է ընդօրինակել ժողովրդավարական միջոցներով իշխանության եկած քաղաքական այլ ուժի, իսկ այդ ընդօրինակումը հաջողության հասնել չի կարող․ քաղաքագետ
Քաղաքականություն
17:28, 02 май 2022
ԱԺ ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ու իրենց աջակիցները շարունակում են փողոցային պայքարն ընդդեմ գործող իշխանության՝ թե՛ հանրահավաքների, թե՛ քայլերթի, թե՛ անհնազանդության ակցիաներով՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  

Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց կոչ էր անում քաղաքապետարանի աշխատակիցներին միանալ ընդդիմությանը՝ «Դիմադրության շարժմանը»։

«Իշխանության հեռացմանը հասնելու դեպքում լինելու է ազգային կառավարության ձևավորում, որտեղ ոչ թե անձը, այլ ուժերը՝ մարդիկ են կառավարելու։ Չի լինելու մեկ մարդ՝ անգամ վարչապետի կարգավիճակով, որ որոշումներ կայացնելով տանի մեզ փորձության, մենք վերացնելու ենք այս ամենը, մենք ստեղծելու ենք բոլորի (ժողովրդի) կամքը իրականացնող կառավարություն։ Եվ այդ կառավարության մեջ, վստահեցնում եմ ձեզ, այսօր այստեղի մեր գործընկերներից որևէ մեկը չի լինելու, մենք չենք ձգտելու իշխանության՝ այդ աթոռներին»,-հայտարարում էր Արծվիկ Մինասյանը։  

Civic.am-ը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է հավանական ընդդիմադիր պատգամավորի այս հայտարարությունը, երբ գործող իշխանությունը հեռանա, իսկ այսօրվա պայքարող ընդդիմությունը չգա իշխանության. այդ դեպքում ո՞վ է կառավարելու երկիրը։ 

«Ընդդիմությունն իր գործողությունները որևէ կերպ պետք է քողարկի, որպեսզի կարողանա ժողովրդի կողմից ստանալ ինչ-որ աջակցություն, որովհետև երեկ մենք տեսանք, որ իրենց հայտարարած հզոր հանրահավաքն այն ռեսուրսն էր, որը վերջին 1,5-2 տարիների ընթացքում իրենք կարողանում են ցույց տալ և դրանից ավելի ռեսուրս չունեն իրենք»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ նման հայտարարություններով ընդդիմությունը փորձում է գեներացնել այն մտայնությունը հասարակության մոտ, որ հասարակությունը չտեսնի ներկաների ինչ-որ պայքար գործընթացներում: «Այնուամենայնիվ, սա բավական միամիտ մոտեցում է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ ընդդիմության հանրահավաքները, երթերը, անհնազանդության ակցիաները որևէ արդյունք չեն ունենալու: «Այլ բան է, երբ փողոցներ են փակում, երթեր են անում քաղաքական ուժեր, որոնք ունեն ժողովրդի բավական մեծ աջակցություն, բացի դրանից, պետությունն այնպիսի իրավիճակում է, որ ինստիտուցիոնալ միջոցներով փոփոխություններ ակնկալելը իրատեսական չէ՝ ընտրությունները կեղծվում են, հանրաքվեները կեղծվում են։ Եվ մեկ այլ բան է, երբ երկիրը ժողովրդավարական է, և հասարակությունը կարողանում է ընտրել իր ցանկացած իշխանությանը, անկախ նրանից՝ այդ իշխանությունը լավն է, թե վատն է»,- ասաց քաղաքագետն ու մեկնաբանեց, որ ներկայիս ընդդիմությունն իր փողոցային ակցիաներով փորձում է ընդօրինակել ժողովրդավարական միջոցներով իշխանության եկած քաղաքական այլ ուժի, իսկ այդ ընդօրինակումը որևէ դեպքում հաջողության հասնել չի կարող։ 

Ռոբերտ Ղևոնդյանը չի կարծում, որ ընդդիմության հիմնած՝ «Դիմադրության շարժման» ձախողման պարագայում ընդդիմադիր պատգամավորները վայր կդնեն մանդատները, բայց նշեց, որ առջևում ամառ է, և եղանակային բարենպաստ պայմաններից օգտվելով՝ կարող են շարունակել իրենց ակցիաները։
 
«Դիմադրության շարժման» գլխավոր մասնակիցները, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, երբ իրենց քայլերթն սկսեցին Հայաստանի տարբեր մարզերից, պնդում էին, որ վտանգ են տեսնում գործող իշխանության քայլերից. Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելու հավանականություն են տեսնում, ինչպես նաև Հայաստանում գտնվող որոշ տարածքներ, որպես անկլավ, Ադրբեջանին հանձնելու վտանգ են տեսնում։ 

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ եթե պատկերացնենք, որ ընդդիմությունը ճիշտ է իր ենթադրություններում, և այնուամենայնիվ լինի իշխանափոխություն, ընդդիմությունը կարո՞ղ է որևէ բան փոխել թե՛ Արցախի հարցում, թե՛, իրենց ասած, անկլավների հարցում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Առաջին հերթին ես չեմ կարծում, որ դա իրականություն է, և Արցախն ու անկլավները հանձնվում են՝ անկախ նրանից, թե իշխանությունն ինչի մասին է խոսում։ Խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, բայց չենք տեսնում, որ կոնկրետ գործուն քայլեր են իրականացվում այդ նշաձողն իջեցնելու հետ կապված։ Որպես օրինակ կարող ենք բերել, որ արդեն մայիս ամիսն է, բայց այդ խաղաղության հանձնաժողովը, որը նաև նշաձողն իջեցնելու ենթատեքստ էր պարունակում, ևս ստեղծված չէ»,- պատասխանեց քաղաքագետն ու նշեց, որ եթե նույնիսկ այդպիսի զարգացումների հավանականություն կա, և եթե Հայաստանն այսօր աղետալի վիճակում է և չունի այլ հնարավորություններ, ապա իշխանության փոփոխությունը որևէ դրական կերպով չի ազդելու. «Նոր իշխանության ով էլ գա, եթե մենք ստիպված ենք լինելու Արցախը կամ, այսպես ասած, անկլավ հանձնել, ապա նույն աղետալի վիճակն է լինելու։ Այլ հարց է, որ ընդդիմությունը փորձեր որևէ կերպ աջակցել իշխանությանը և աջակցելու միջոցով թույլ չտալ նման զարգացումներ։ Եթե ընդդիմությունը ինչ-որ բան կարող է անել, ապա թող անի նաև ընդդիմության կարգավիճակով, որովհետև ի վերջո ընդդիմությունն իշխանության մաս է»։    
Նարա Մարտիրոսյան