Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փնտրվում են օնլայն դիմադրողներ. ցանկացողները կարող են մոտենալ գրասենյակներ. Իշխան Սաղաթելյանը կոչ է անում միանալ համազգային դիմադրությանը

Փնտրվում են օնլայն դիմադրողներ. ցանկացողները կարող են մոտենալ գրասենյակներ. Իշխան Սաղաթելյանը կոչ է անում միանալ համազգային դիմադրությանը
Քաղաքականություն
17:50, 19 ноябрь 2021
Պարզվում է՝ «Հայաստան» դաշինքն ու դրա մաս կազմող ՀՅԴ-ն նոր, հզոր համազգային դիմադրության շարժում են սկսում, մինչ իշխանությունը մեղադրում է, թե ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմությունը անգործության է մատնված։ 

Նոր շարժման մասին այսօր ավետել է անձամբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ 

Թերևս նախորդ՝ «Հայրենիքի փրկության շարժումն» առաքելությունը ավարտել է, հիմա հերթը համազգային դիմադրությանն է։ 
 
Ընդ որում, այս ՀԴՇ-ն (Համազգային դիմադրության շարժում) այնքան հզոր է, որ դրա մասին լսելով՝ քաղաքացիները՝ «ուսանողից մանկավարժ, գյուղացուց մտավորական, բժշկից արհեստավոր», իրենք իրենց ոտքով պետք է գնան, գտնեն շարժման  գրասենյակները, հերթ կանգնեն՝ դիմադրության շարժմանը միանալու համար, ընդ որում՝ որոշակի ժամերի։ 

Իսկ ՀՅԴ-ականները գրասենյակներում նստած՝ հերթագրեն հուժկու շարժման մասնակիցներին և սփյուռքից, Քոչարյանից ու ոմանցից ֆինանսական աջակցություն ակնկալեն՝ պայքարելու ու դիմադրելու համար։

«Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները»,-խոստանում են նախաձեռնողները:

Ի դեպ՝ խոսքը Ադրբեջանին, ադրբեջանական հարձակումներին ու սադրանքներին դիմադրելու մասին չէ, այլ՝ հենց Հայաստանի իշխանությանը։ 

Իսկ որպեսզի գործն ավելի հեշտանա, առաջարկվում է օնլայն գրանցում։ Համազգային դիմադրողները կարող են անգամ գրասենյակ չայցելել, պարզապես օնլայն գրանցվել և հռչակվել դիմադրող։

Թե ի՞նչ կարող են անել օնլայն դիմադրողները, բացի քոմենթ գրելուց, և ինչպես են օնլայն դիմադրողներով «հեռացնելու իշխանությանը», դժվար է կանխատեսել։ 
 
Ակնհայտ է մեկ բան. փողոցային պայքարով պարբերաբար սպառնացող ու համակիրներին ճոխ խոստումներ տվող «Հայաստան» դաշինքն անցել է պասիվ, ավելի կոնկրետ՝ օնլայն դիմադրության։ 

Մեջբերենք Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, որպեսզի համոզվեք, որ այս ամենը լուրջ է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 
իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։

Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։

Դիմադրությանը միանալու համար նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները:

Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։

Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։

Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը»։