Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ախ, չեք ուզում լսել, բա էդ ասեք. Ոնց միշտ փախել եք, այ տենց միշտ փախնելու եք. Նիկոլ Փաշինյանը՝ իր հրաժարականի պահանջն ընթերցած ընդդիմադիրներին․ տեսանյութ

«Մենք հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, և այդ նպատակով է, որ այստեղ ենք»,- այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: 

Այդ պահանջին պատասխանեց, ինչպես նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ առ մեկ անդրադառնալով այդ պահանջի կետերին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և ինքը այդ մասին խոստովանել է 2018թ. ապրիլին ԱԺ ամբիոնից: Եվ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել պատերազմի մասին»:

Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը 2020-ին ԱԺ-ում հայտարարել էր պատերազմը կանգնեցնելու մասին, բայց այն պայմանով, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի նման կարգավիճակ ունեցող մի միավոր. «Այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Սերժ Սարգսյանի տրամաբանության հետ զուգորդված»:

«Այն պահից, երբ դուք ընդունել եք Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ինքը մի կարևոր բացահայտում է անելու, որից հետո ԱԺ գործուղված ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան: «Ախ, չեք ուզում լսել, բա էդ ասեք: Ոնց միշտ փախել եք, այ տենց միշտ փախնելու եք: Կեցցե հայկական ժողովրդավարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորները ծափողջույններով ճանապարհեցին ԱԺ գործուղված ընդդիմադիր պատգամավորներին: