Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում. Փաշինյան

Գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում. Փաշինյան
Քաղաքականություն
21:48, 27 июнь 2022
«2020թ. դեկտեմբերի 13-ին Հադրութի շրջանի Հին թաղեր, Խծաբերդ գյուղերից գերեվարված շիրակցի 62 պահեստազորայիններից 30-ն արդեն վերադարձվել են հայրենիք, իսկ դրանից հետո կանգ առավ գերիների փոխանակման գործընթացը: Ինչո՞ւ Ձեր իսկ կողմից 
ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո նրանք հայտնվեցին այդ գյուղում, եթե այդ հողերը հանձնված էին, ինչի արդյունքում և գերեվարվեցին, ինչու մինչ օրս եռակողմ հայտարարությունից չի կատարվել 8-րդ` գերիների վերադարձի կետը»,-այսօր` հունիսի 27-ին, լրատվամիջոցներն ու ՀԿ-ները նաև այս հարցն էին ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 
հեռավար ասուլիսի ժամանակ: 

«Խծաբերդի գերիների հարազատներն ինձ հետ տասնյակ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացրել են այդ հարցը` ասելով ինչու են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին: Ես բազմիցս պարզաբանել եմ, որ այդ տարածքները հանձնված չեն եղել և այդ տարածքները դե յուրե պիտի լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և նրանց վերահսկողության ներքո և եռակողմ հայտարարության հիման վրա զինված ուժերը մնացել են այն դիրքերում որոնցում պետք է լինեին»,- պարզաբանեց վարչապետը:
 
Նրա խոսքով` ռուս խաղաղապահների հրամանատարի հետ է մի քանի անգամ այս թեման քննարկել, ինչպես նաև ՌԴ նախագահի. «Այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին էր: Այդ ժամանակաշրջանում, երբ նրանք քարտեզներ էին հրապարակում` այդ տարածքները մի քանի անգամ ընդգրկվեցին ու հանվեցին, ինչն անհասկանալի էր»:
 
Անդրադառնալով շիրակցիների գերեվարման հանգամանքներին` Փաշինյանը նշեց, որ դրա հետ կապված կա հարուցված քրեական գործ և հրամանատարին մեղադրանք է ներկայացված. «Ուզում եմ արձանագրել, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը: Մեր այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում: Այս հարցը բազմիցս եմ բարձրացել նաև ռուսաստանցի մեր գործընկերների հետ քննարկումներում: Մենք, ՌԴ-ն և ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն, որպեսզի մեր գերեվարված եղբայրների վերադարձը ապահովենք: Մենք միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում ենք այդ հարցը բարձրացնել, նաև դատական գործընթացներ ունենք միջազգային ատյաններում»,-հավելեց վարչապետը: