Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Բեգլարյանը՝ Խծաբերդն ու Հին թաղերը պատերազմից հետո թշնամուն անցնելու մասին

Արտակ Բեգլարյանը՝ Խծաբերդն ու Հին թաղերը պատերազմից հետո թշնամուն անցնելու մասին
Քաղաքականություն
13:00, 01 июль 2021
Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջի կետի հիմքով՝ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերը պետք է մնային հայկական կողմին, բայց հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց այդ գյուղերը զոհերով ու գերիներով անցան թշնամուն, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն, ինչու՞ չենք պահանջում ռուսներից, որ կատարեն հայտարարության կետերը։ Այսօր՝ հուլիսի 1-ին, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նաև այս հարցն ուղղեցին։ 

Արտակ Բեգլարյանը նախ նշեց, որ ինքն էլ չունի հարցերի պատասխանները, բայց կա տեսակետ, որ դա պայմանավորված էր նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորված ու ստորագրված քարտեզներով, և այդ քարտեզներով նախատեսված չէր Խծաբերդի ու Հին թաղերի առկայությունը մեր տարածքում․ «Բայց ես չեմ կարող ասել արդյո՞ք այդպես է, թե ոչ։ Դրա պատասխանը պետք է տան պաշտոնատար անձինք, ովքեր ընդգրկված են եղել բանակցություններում։ Իսկ մյուս տեսակետն այն է, որ ադրբեջանական կողմն օգտվել է ռուս խաղաղապահների բացակայությունից այդ տարածքում և շարունակել է մարտական գործողությունները և զավթել է Հադրութի շրջանի այդ պատառիկը»։ 

Նա նաև նշեց, որ Խծաբերդն ու Հին թաղերը մնում են որպես բռնազավթված տարածքներ․ «Ինչպես նաև բռնազավթված են պատերազմի ընթացքում և պատերազմի հետևանքով քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում հանձնված տարածքները։ Այս մասով հայտարարություններ եղել են Արցախի տարբեր պետական պաշտոնյաների կողմից, առաջիկայում կարծում եմ օրենքի մակարդակով կամրագրվեն այս դրույթները»։