Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խծաբերդում գերի ընկնելը փոքրոգություն էր շիրակցի զինծառայողների կողմից»․ Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյան

«Խծաբերդում գերի ընկնելը փոքրոգություն էր շիրակցի զինծառայողների կողմից»․ Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյան
Հասարակություն
17:11, 06 июль 2021
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը հրաժարվեց կատարել հայտարարությամբ ամրագրված՝ բոլոր գերիների վերադարձի դրույթը։ 

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի իրավաբան Իգոր Միրզախանյանը Civic.am-ի հետ զրույցում նշել էր, որ Ադրբեջանը մարտի 10-ի դրությամբ հաստատել է ընդամենը 72 անձի գերեվարված լինելու փաստը, մինչդեռ գրասենյակը նույնականացրել և ՄԻԵԴ է ուղարկել ավելի քան 249 ենթադրյալ գերեվարված անձանց վերաբերյալ դիմումներ։

Ադրբեջանի կողմից հաստատված 72 գերիների հայրենադարձումից հետո, ևս 30 գերի  վերադարձավ Հայաստան։ Վերջիններիս վերադարձի հիմք է հանդիսացել Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքների՝ Աղդամի, Վարանդայի, Կովսականի ականապատված քարտեզների տրամադրումը։ Այդ 30 գերիների մեջ կային նաև եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ բնակավայրում դիրքավորված, այնուհետև գերեվարված՝ Շիրակի մարզից ՄՈԲ-ի ավելի քան 60 տղաներից մի քանիսը։

Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Կարեն Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Շիրակի զինծառայողների կողմից Խծաբերդում գերի ընկնելը փոքրոգություն էր․ «Իրենք պետք է հակամարտելով նահանջեին։
Կարող է մեկ երկուսը զոհվեին կամ վիրավորվեին, բայց այդ կարգի փոքրոգություն դրսևորել, զենքերը վայր դնել, ո՞վ է խաբել իրենց, կամ առաջնորդող չեն ունեցել, որը կարողանա իր հետևից այդ 62 հոգուն տանի»,-ասաց նա ու հավելեց, որ ըստ եռակողմ հայտարարության՝ կողմերը որտեղ գտնվել էին, այնտեղ պետք է կանգնած մնային։

Նշենք, որ օրեր առաջ գերությունից վերադարձած Սիսակ Ենգոյանը, որը գերեվարվել էր դեկտեմբերի 13-ին Խծաբերդում, այնտեղ գտնվող Շիրակի մարզից ՄՈԲ-ի տղաների հետ՝ «Իրավունք»-ին պատմել է իր գերի ընկնելու հանգամանքները․ «Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից: Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը`Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը»:

Անդրադառնալով ականապատված քարտեզները գերիներով փոխանակելուն՝  Արցախի ԱԺ պատգամավորը նշեց, որ գերիների վերադարձն անկախ ամեն ինչից պետք է կազմակերպվի և պետք է պետությունը այդ հարցում դիմի առավելագույնին․ «Ականապատված քարտեզները թշնամուն տալը լավ օրից չէ, դա պետք է ամենավերջին դեպքում իրականացվեր։ Ես չգիտեմ, արդյո՞ք բոլոր հնարավորությունները սպառված են եղել, թե ոչ, որ գնացել են այդ քայլին»։ 

Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում ինչպիսի՞ն է հանրային տրամադրվածությունը՝ ականապատված տարածքների քարտեզները գերիներով փոխանակելու վերաբերյալ։ 

«Իմ միջավայրում, որոշները կարող են լինել կողմ, կարող են լինել դեմ։ Ենթադրենք ատամնաբույժը չհասկանալով կարող է իր տեսակետը հայտնել, դիվանագետն ու զինվորականն էլ ունեն իրենց տեսակետները, հետևաբար կարծիքները միանշանակ չեն։ Հիմք ընդունելով ինչ-որ խմբերի կարծիքները ընդհանուր պատկերացում կազմելը սխալ է»,-պատասխանեց Արցախի ԱԺ պատգամավորը։
 
Նարա Մարտիրոսյան