Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում ընթանում է շիրակցի 13 գերիների շինծու քրգործով հերթական նիստը

Բաքվում ընթանում է շիրակցի 13 գերիների շինծու քրգործով հերթական նիստը
Հասարակություն
13:19, 05 июль 2021
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է շիրակցի 13 գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթանում է դատավոր Ազադ Մեջիդովի նախագահությամբ։

Այսօրվա նիստում հայ գերիները ցուցմունք են տալիս։

13 շիրակցի ռազմագերիներն են՝ Ռաֆիկ Կարապետյանը, Հրայր Թադևոսյանը, Գուրգեն Գալոյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարտանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։

Պաշտոնական Բաքուն նրանց մեղադրում է ահաբեկչության ու այլ հանցանքներ կատարելու մեջ։

Գերիների այս խմբի շինծու քրեական գործով առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 23-ին, ևս մեկը՝ հուլիսի 1-ին։ Վերջին նիստում դատախազն ընթերցել էր մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ հայ գերիները, իբր, «անօրինական կերպով ձեռք են բերել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և ստեղծել զինված խմբավորում, անօրինական կերպով նոյեմբերի 17-ին անցել են պետական սահմանն ու գտնվել Հադրութի անտառներում»։

Նշենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։

Հունվարի 28-ին Հայաստան է վերադարձել 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5 գերի, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Եվս մի խումբ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից էր։ Հունիսի 12-ին էլ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերու, որոնց մեջ շիրակցիներ չկային, իսկ հուլիսի 3-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձավ գերիների 15 հոգանոց խումբ, բոլորը՝ Շիրակ մարզից։ Մյուս շիրակցի գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։