Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում ընթանում է շիրակցի 13 գերիների շինծու քրգործով դատական նիստը

Բաքվում ընթանում է շիրակցի 13 գերիների շինծու քրգործով դատական նիստը
Իրավունք
12:48, 01 июль 2021
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատական հերթական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստն ընթանում է դատավոր Ֆայիգ Գանիևի նախագահությամբ։ Այժմ ընթերցվում է մեղադրական եզրակացությունը։

Շիրակցի 13 ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

Հայ գերիների այս խմբի շինծու քրգործի նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 21-ին։ Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչություն, դիվերսիա ու այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Նշենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5 գերի, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Եվս մի խումբ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Հունիսի 12-ին էլ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերու, որոնց մեջ շիրակցիներ չկային։ Ադրբեջանում մնացած բոլոր շիրակցի գերիների նկատմամբ, պաշտոնական Բաքուն քրեական գործեր է հարուցել։