Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ցանկություն ունի կոշտ արձագանքելու Ղազախստանի քայլերին, բայց հնարավորությունները խնդիր են. Ռուբեն Մեհրաբյան․ ուղիղ

Ռուսաստանը ցանկություն ունի կոշտ արձագանքելու Ղազախստանի քայլերին, բայց հնարավորությունները խնդիր են. Ռուբեն Մեհրաբյան․ ուղիղ
Քաղաքականություն
18:31, 08 июль 2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ղազախստանը դուրս է գալիս 1995 թվականին կնքված Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Արժույթի միջպետական կոմիտեի մասին համաձայնագրից։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։   

Մեր զրուցակիցը կարծում է, որ Ղազախստանի այս որոշումը միանգամայն տեղավորվում է այն քաղաքականության տրամաբանության մեջ, որը սկսել է վարել Ղազախստանը. «Այն է՝ հեռավորություն պահել Ռուսաստանից, այնքան, որքան մի կողմից՝ դա չբերի ուղիղ առճակատման, և մյուս կողմից՝ չբերի Ղազախստանի համար զարգացման խնդիրներ,  ինչը նշանակում է Ղազախստանի պարագայում լուրջ ներքին ապակայունացում, և նաև չբերի երկրորդային պատժամիջոցներ Ղազախստանի համար»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։    
Քաղաքագետի խոսքով՝ կա նաև երկրորդ հարթությունը, որ Ղազախստանը նաև իր համբավի մասին է հոգ տանում։ 

«Եվ այս հանրագումարում մենք ստանում ենք և հետագայում էլ ստանալու ենք այս տրամաբանության մեջ նույնանման որոշումներ։ Եվ նաև կուզեի մի կարևոր բանի վրա էլ ուշադրություն դարձնել. Ղազախստանը նավթ և գազ  արդյունահանող և արտահանող պետություն է, իսկ հաշվի առնելով, որ այս պատժամիջոցների քաղաքականությունը նաև ուղղված  է նրան, որ նավթը, գազը, ռուսական նավթամթերքն ուղղակի դուրս բերվի համաշխարհային շուկայից, որպեսզի Պուտինի ռեժիմը զրկվի պատերազմը սնուցող ֆինանսավորումից, ապա Ղազախստանը չի կարող իրեն պահել որպես Ռուսաստանի կցորդ և իր վրա կրել այդ իրողություններից բխող ուղիղ հետևանքները»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Հարցին՝ Ռուսաստանն ունի՞ հնարավորություն կոշտ արձագանքելու Ղազախստանի վերոնշյալ քայլին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ շատ մեծ ցանկություն բնականաբար ունի, բայց հնարավորությունները խնդիր են, ի վերջո Ղազախստանը մեծ երկիր է, և ունենալով պատերազմ Ուկրաինայում, որը շատ վատ հեռանկարներ է  խոստանում Ռուսաստանին, թեկուզ հենց այսօրվա համայնապատկերում, ապա երկրորդ ճակատ բացելով, եթե ինքնասպանություն գործել չի ուզում, թող կոշտ արձագանքի։ 

Խոսելով նաև այն մասին, թե այս իրավիճակում ինչպիսին պիտի լինի Հայաստանի դիրքորոշումը, քաղաքագետն ասաց. «Նախևառաջ Հայաստանն արդեն առաջանցիկ մի կարևոր քայլ կատարել է. դա այն է, որ այս աշնանից ղազախական նավթամթերքը ներկրվելու է Հայաստան, և դա լուրջ քայլ է մեր նավթամթերքի շուկան դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Բացի դրանից, Ղազախստանն իր կողմից լուրջ քայլեր է արել իրանական ուղղությամբ և նաև հայացքն ուղղել դեպի հարավ։ Այդ իմաստով Ղազախստանը դառնում է չափազանց կարևոր երկիր Հայաստանի համար՝ իր շահերը հետապնդելու ճանապարհին, որպես ճանապարհակից և համախոհ, տակտիկական առումով նաև դաշնակից, և դա չափազանցություն չէ։ Այս ամենի համատեքստում, ես կարծում եմ՝ խիստ կարևոր է, որ Հայաստանը առաջնահերթ դարձնի իր արտաքին քաղաքական ակտիվությունը Կենտրոնական Ասիայում և ոչ միայն Ղազախստանում»։   
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան