Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները կրկին ակտիվացան, երբ Իրանի հոգևոր առաջնորդը Էրդողանին և Պուտինին հայտնեց, որ չեն հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխությունը կամ փակումը․ Առնոլդ Բլեյան

«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները կրկին ակտիվացան, երբ Իրանի հոգևոր առաջնորդը Էրդողանին և Պուտինին հայտնեց, որ չեն հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխությունը կամ փակումը․ Առնոլդ Բլեյան
Քաղաքականություն
18:30, 21 июль 2022
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ասել է, որ Անկարան դեռեւս Երևանի կողմից կոնկրետ քայլեր չի տեսել։ Նա նաև ասել է, որ կոնկրետ քայլերը դեռեւս չենք տեսել այլ նախագծերում, այդ թվում «Զանգեզուրի նախագծում» կամ համապարփակ խաղաղության համաձայնագրում։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Հանուն հանրապետության» կուսակցության Արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։

«Ես ավելի հակված եմ մտածելու, որ Չավուշօղլուն խոսում է կոնկրետ քայլերից՝ ուղղված Ադրբեջանին։ Եվ ըստ վերջին հարցազրույցի, նա խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Եվ կարծես թե մի նոր միջանցք է ի հայտ գալիս, որը կոչում է «միջին միջանցք»։ Իսկ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները կրկին ակտիվացան Իրանում եռակողմ հանդիպումից հետո, երբ Իրանը հյուրընկալեց Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին։ Եվ ըստ երևույթին, Իրանի հոգևոր առաջնորդը, թե՛ առանձին Էրդողանին, թե՛ առանձին Պուտինին հայտնեց, որ իրենք չեն հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխությունը կամ փակումը, կամ որևէ այլ ձևախեղումը, որը որ կխաթարի այն իրողությունները, որը եղել է հազարամյակի ընթացքում»,-ասաց Առնոլդ Բլեյանը։

Նա նաև նշեց, որ միևնույն ժամանակ, հենց հաջորդ օրը, Թուրքիայի նախագահը մի հարցազրույց է տալիս, որտեղ կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մեր զրուցակցի խոսքով՝ անունը կարող են դնել «Զանգեզուրի միջանցք», բայց դա կարող է չենթադրել այն բացասական իմաստը, որն ի սկզբանե Ադրբեջանի կողմից դրվել էր շրջանառության մեջ։   

Նա նաև հիշեցրեց, որ ի վերջո կա նաև ԵՄ-ի հայտարարությունը, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները պետք է անցնեն առնչվող երկրների սուվերեն տարածքով և այդ երկրների կողմից պետք է վերահսկվեն։ 

Խոսելով նաև այն մասին, որ արևմուտքը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության իրողությունը, սակայն Չավուշօղլուն իր հարցազրույցում խոսում է, որ քայլեր չի տեսնում, Առնոլդ Բլեյանն ասաց, որ անկախ նրանից, թե ինչի մասին է խոսում Չավուշօղլուն, ուղիղ երկխոսությունն ինքնին արդեն դրական քայլ է։ 

«Այստեղ հատկանշանական է այն, որ Ադրբեջանը երկար ժամանակ չէր գնում այդ քայլին։ Ընդ որում Հայաստանի կողմից եղել են առաջարկներ։ Առնվազն մի քանիսի մասին ես գիտեմ, որ եղել են առաջարկներ, իսկ Ադրբեջանը դրան չէր գնում և նախընտրում էր ավելի շատ այլ հարթակներ, հանձինս մոսկովյան հարթակի։ Հետո, երբ մոսկովյան հարթակն արդեն փոխվեց բրյուսելյան հարթակով, ընդ որում այդ հարթակը փոխվեց, երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց և Ռուսաստանը չհասավ իր բլիցկրիգային նպատակների իրագործմանը»,- ասաց Առնոլդ Բելյանը։

Խոսելով արցախյան հարցի կարգավորման մասին՝ Առնոլդ Բլեյանն ասաց, որ կա մի ուժային կենտրոն, որը ոչ մի կերպ համաձայն չէ, որ այդ կարգավորումը տեղի ունենա, և այն ունենա հիմնականում երկարատև չլուծված վիճակ և չկորցնի այն լծակները՝ ազդելու կոնֆլիկտի մեջ ներառված բոլոր խաղացողների վրա և կան այլ ուժային կենտրոններ, որոնք այնպես չէ, որ իրենք ուզում են, որ այդ լուծումը լինի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ, իրենք ուզում են՝ այդ կոնֆլիկտը լուծվի, բայց լինի հարատև, վերջնական։

«Շատ կարևոր է, որ այս իրավիճակում, կոնկրետ Հայաստանը բաց է, թե՛ արևմտյան գործընկերների հանդեպ, թե՛ իր այն գործընկերների հետ, ում հանդեպ պարտավորված է դաշնակցային հարաբերություններով և ինքը բոլորի հետ բաց խոսում է։ Մենք ավելի տեսանելի ենք, ավելի հասկանալի և ընկալելի, բոլորի համար։ Շատ կարևոր է՝ շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ, որովհետև, եթե դու երկխոսում ես ուղիղ, շատ ավելին կարող ես անել, քան եթե երկխոսում ես միջնորդների միջոցով, որովհետև միջնորդները միշտ էլ ունենում են իրենց շահերը»,- եզրափակեց Առնոլդ Բլեյանը՝ նշելով, որ նույնը վերաբերում է Թուրքիայի հետ երկխոսելուն։
 
Լիլիթ Թադևոսյան