Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարան դեռեւս կոնկրետ քայլեր չի տեսել Երեւանի կողմից. Չավուշօղլու

Անկարան դեռեւս կոնկրետ քայլեր չի տեսել Երեւանի կողմից. Չավուշօղլու
Տարածաշրջան
16:44, 21 июль 2022
Անկարան դեռեւս Երեւանի կողմից կոնկրետ քայլեր չի տեսել։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, տեղեկացրել է «Անադոլու»-ն։

Հիշեցնելով բանակցությունների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածությունների մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ «միջին միջանցքը» նույնպես նշանակություն է ձեռք բերել, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելով ապրանքները չեն կարողացել հասնել Արեւմուտք Ռուսաստանով։ Չավուշօղլուն ասել է, որ Անկարայի եւ Բաքվի մտադրություններն  «անկեղծ» են։ «Մենք ցանկանում ենք գործով տեսնել, թե որքանով է անկեղծ Հայաստանը։ Առայժմ կան տեղեկություններ եւ հայտարարություններ։ Կա նաեւ ճնշում, դա ճիշտ է։ Սփյուռքը դրսից, ֆանատիկների խումբը՝ ներսից։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե որքանով է անկեղծ Հայաստանը։ Մենք այդ կոնկրետ քայլերը դեռեւս չենք տեսել։ Այլ նախագծերում, այդ թվում Զանգեզուրի նախագծում կամ համապարփակ խաղաղության համաձայնագրում... Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է դրական քայլեր ձեռնարկեն այս հարցերում խաղաղության համար։ Խոսքերը բավարար չեն»։

Նա նաեւ ընդգծել է, որ Անկարան իրականացնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց Ադրբեջանի հետ համակարգմամբ։ «Քայլերը, որոնք կձեռնարկվեն տարածաշրջանում, օգուտ կբերեն բոլորին։ Մենք սպասում ենք Հայաստանից կոնկրետ քայլեր այս առումով»։