Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ Զախարովայի մեկնաբանությունների պատճառով. ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է Ղազախստանից վտարել Ուկրաինայի դեսպանին

Ղազախստանի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ Զախարովայի մեկնաբանությունների պատճառով. ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է Ղազախստանից վտարել Ուկրաինայի դեսպանին
Քաղաքականություն
11:36, 05 октябрь 2022
Ղազախստանի ԱԳՆ-ն այսօր կկանչի Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինին, քանի որ կարծում է, որ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության տոնայնությունը Աստանայի և Մոսկվայի «դաշնակցային փոխհարաբերությունների բնույթի հետ աններդաշնակ է»։

Սա շարունակությունն է սկանդալի, որը ձգվում է օգոստոսի 22-ից։ Այդ ժամանակ Զախարովան իր Telegram-ալիքում հրապարակել է բլոգեր Դիաս Կուզաիրովի հետ Պյոտր Վրուբլևսկու հարցազրույցից մի հատված, որում ուկրաինացի դիվանագետն արտաբերել է արտահայտություն առ այն, որ Ուկրաինան ձգտում է «սպանել որքան հնարավոր է շատ ռուսների»:
Սեպտեմբերի 5-ին Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը հայտնել է, որ Վրուբլևսկին ներողություն է խնդրել և մեկնել արձակուրդ։ «Դա արտաբերվել է էմոցիոնալ վիճակի բարձրացման ֆոնին»,- ասել է Սմադիյարովը։ 

Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 4-ին, ՌԴ ԱԳՆ-ն վերադարձել է այս հարցին և պահանջել վտարել Ուկրաինայի դեսպանին Ղազախստանից։ Մոսկվան ակնկալում է, որ ղազախական կողմը «միջոցներ կձեռնարկի Վրուբլևսկու անհապաղ վերջնական վտարման համար», հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Զախարովայի հայտարարության մեջ, մասնավորապես, եղել է հետևյալ արտահայտությունը. «Ցավոք, այն հավաստիացումները, որ բանդերական էմիսարը «երբեք չի վերադառնա» Աստանա, չեն կատարվել։ Տվյալ անձը կրկին հայտնվել է Ղազախստանի մայրաքաղաքում, ընդ որում՝ ակնհայտորեն ոչ այն բանի համար, որ «ուղղակի հավաքի իրերը և տանի ընտանիքին»:
 
Ուկրաինայի նոր դեսպանի թեկնածությունը քննարկում է Ղազախստանի ԱԳՆ-ն, լրագրողներին ասել է Սմադիյարովը։ «Ներկայումս Ուկրաինայի ԱԳՆ-ից հարցում է ստացվել՝ Աստանայում նոր դեսպան նշանակելու մասին»,- ասել է նա։