Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՛չ Արևմուտքն է առաջարկել, ոչ էլ Հայաստանն է համաձայնել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. հակառակ թեզը տարածողները սպասարկում են ադրբեջանա-ռուսական շահերը. քաղաքագետ

Ո՛չ Արևմուտքն է առաջարկել, ոչ էլ Հայաստանն է համաձայնել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. հակառակ թեզը տարածողները սպասարկում են ադրբեջանա-ռուսական շահերը. քաղաքագետ
Քաղաքականություն
14:15, 26 октябрь 2022
Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

- Պարոն Ստեփանյան, որոշ շրջանակների կողմից ակտիվ քարոզչություն է տարվում, որ Արևմուտքի միջնորդությամբ կնքվելիք Խաղաղության պայմանագրով իշխանությունը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Նրանց պնդմամբ՝ դա լինելու է կրկնակի կապիտուլյացիա, ուստի պետք է ամեն գնով թույլ չտալ դրա ստորագրումը։ Ըստ Ձեզ՝ Արևմուտքը կարո՞ղ էր անել այդպիսի առաջարկ, և ի՞նչ նպատակ ունի այսպիսի քարոզչությունը:


- Այս թեզը բացարձակ սուտ է. Պրահայում Փաշինյանը համաձայնություն չի տվել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուն և չէր կարող տալ, որովհետև Եվրամիությունը և ընդհանրապես Արևմուտքը այդպիսի առաջարկ չեն արել: Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանին իրականում առաջարկվել է դուրս գալ Արցախի խնդրի շուրջ բանակցություններից և տեղը զիջել Եվրամիությանը՝ ստանձնելու Արցախի ճակատագրի, կարգավիճակի շուրջ բանակցությունների իրավազորությունը, սակայն հայկական կողմը մերժել է՝ առաջարկելով միջնորդական ջանքեր ներդնել՝ ստեղծելու համար Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հարթակի կայացման, ինչպես նաև արցախահայության անվտանգության և իրավունքների իրացման համար միջազգային մեխանիզմներ:
Երկրորդ՝ այդպիսի նարատիվներ տարածելը Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ շահերից է բխում։ Նման մանիպուլյատիվ, կեղծ թեզերով Ռուսաստանը փորձում է հայ հանրության շրջանում թյուր պատկերացում ձևավորել և իշխանության վրա ճնշումներ բանեցնելով՝ տորպեդահարել, տապալել Արևմուտքի միջնորդությամբ խաղաղության բանակցային գործընթացը։ Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք՝ անհերքելի ճշմարտություն է, որ Ռուսաստանին ընդհանրապես ձեռնտու չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ մի պարզ պատճառով, որ ՌԴ-ի նպատակն է կոնֆլիկտի  չլուծումը ու շարունակությունը իր կառավարման ներքո։ 
Որևէ բան այս առումով չի փոխվել տարիներ ի վեր, բայց եթե մինչև 2011-12թթ. ՌԴ-ի կողմից ստատուս քվոյի պահպանման դիրքորոշումը բխում էր մեր շահերից, ապա դրանից հետո փոխարինվեց Լավրովի պլանով՝ ի վնաս մեզ, որն էլ, ըստ էության, իրագործվեց 2020-ի 44-օրյա պատերազմի միջոցով։ Պարզ է, որ գործընթացի տապալումը ռուսական շահն է սպասարկում և կապ չունի Հայաստանի շահերի հետ, ինչը չես կարող ասել Արևմուտքի մասին, որը, ի տարբերություն Ռուսաստանի, մեզ պես ցանկանում է   հայ-ադրբեջանական հարաբերությունների շոշափելի խնդիրների վերացում, հակամարտության վերջնական լուծում և կայուն խաղաղության հաստատում։

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի պատասխանը ԵՄ-ի առաջարկին, ճի՞շտ եք համարում:

- Կարծում եմ՝ ճիշտ է, որ Հայաստանը մերժել է ԵՄ-ին, որովհետև այն ոչ միայն անսպասելի է, այլև իր խորքում ունի բավականին շատ խութեր, ուստի անհրաժեշտ է, որ Հայաստանը լավ վերլուծի, հաշվարկի այդ առաջարկն ու հետևանքները։ Հասկանալի է, որ մի կողմից՝ ԵՄ-ն շահագրգռված է, որ Արցախի հարցը շուտափույթ լուծում ստանա, մյուս կողմից՝ այդ արագ լուծումը պատկերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո: Այլ հարց է, որ Արցախը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, արցախահայության համար բռնի հայրենազրկման, ցեղասպանության վտանգ չպետք է լինի, անվտանգությունը պետք է ապահովված լինի, և այդ ամենը երաշխավորված լինի գործուն մեխանիզմներով:

- Մենք տեսանք, որ Ռուսաստանը,Ադրբեջանը, նաև Թուրքիան բավականին կոշտ արձագանքեցին մեր սահմաններին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման փաստին՝ հայտարարելով, որ չեն ընդունելու մոնիտորինգի արդյունքները։ Բացի դրանից՝ ՌԴ ԱԳՆ-ից ահազանգում են, որ Արևմուտքի ճնշումների պատճառով փորձ է արվում խաթարել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու սերտ կապերը։ Ըստ Ձեզ՝ այս կոշտ հայտարարություններին կարո՞ղ են հետևել կոշտ գործողություններ։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում:  

- Ռուսաստանն այս պահին հայտարարություններից անդին ոչ մի կոշտ ռազմաքաղաքական գործիքակազմ Հայաստանի դեմ չի կարող կիրառել՝ այն պարզ պատճառով, որ այդ քայլերը պետք է արվեն տեղի 5-րդ շարասյան և Ադրբեջանի միջոցով։ 5-րդ շարասյունը թույլ է, չունի վստահություն հասարակության շրջանում և փողոց է հանում ընդամենը մի քանի հարյուր մարդու, որը ոչ մի արդյունք չի կարող տալ։ Մոսկվան մի անգամ արդեն կատարել է այդ կրակոցը անարդյունք և գոնե մոտ ապագայում նորից չի կրակելու։ 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործոնին, Ռուսաստանն այն վերջին անգամ կիրառել է սեպտեմբերի 13-15-ին և սրանից հետո չի կարողանա այդ զենքը նորից ուղղել մեր դեմ, որովհետև Արևմուտքը, համարժեք գնահատելով իրավիճակը, Մոսկվայի նպատակները, կանխելու համար հետագա էսկալացիան՝ համաձայնություն տվեց, որ Հայաստանի սահմանին տեղակայվեն կարճաժամկետ ԵՄ, ապա նաև կարիքների գնահատման ԵԱՀԿ քաղաքացիական դիտորդներ, որոնք արդեն իսկ առաքելություն են անցկացնում։ Ե՛վ ադրբեջանական, և՛ ռուսական ներդաշնակ բացասական ռեակցիան այս առաքելությանը ապացուցում է՝ երկուսն էլ մտահոգված են համատեղ պայմանավորվածությամբ ուժի սպառնալիքով մեզ ինչ-որ բան պարտադրելու անհնարինությունից: Հետևաբար հիմա ուղղակի շատ քիչ հավանական է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կամ Թուրքիայի դրդմամբ գնա քաղաքական ինքնասպանության՝ նոր ագրեսիայի հրահրման։ Քաղաքական տրամաբանությունից  ելնելով՝ կարող ենք ասել, որ ադրբեջանական ագրեսիա առաջիկայում շատ քիչ է հավանական։ Ռուսաստանի համար կարող են կենսունակ մնալ միայն իր ձեռքի տակ գտնվող էներգետիկ և տնտեսական հնարավորություններով ճնշումները մեզ վրա, և չի բացառվում, որ ինչ-որ փուլում կիրառի այդպիսի ինչ-որ արգելանքներ։ 

- Կարծիք կա, որ Ռուսաստանի առաջարկած խաղաղության պայմանագիրը Արցախի մասով ավելի բարենպաստ է մեզ համար, քանի որ առաջարկվում է Արցախի կարգավիճակի հարցը թողնել անորոշ ապագային։  

- Դա թյուր կարծիք է. ինչպե՞ս կարող է դա բարենպաստ լինել, եթե այնտեղ չկա Արցախի կարգավիճակի վերջնական լուծում։ Բացի դրանից՝ Հայաստանի երկարաժամկետ, հեռահար շահերի տեսանկյունից դա խիստ վնասակար, նույնիսկ աղետալի կարող է լինել մեր պետականության համար, որովհետև ոչ ոք չի կարող բացառել, որ մի քանի տարի անց Ռուսաստանը, ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից, կարող է հրահրել նոր պատերազմ, ինչպես դա եղավ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի երկօրյա պատերազմի ընթացքում, որը մեզանից նորից խլեց հարյուրավոր հայ տղաների անգին կյանքեր։ Դրան հավատացողների համար հատուկ ասեմ՝ ռուսական ցանկացած առաջարկի մեջ խաղաղություն չկա։ Դրա մասին են վկայում նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրանից բխող երկու պայմանավորվածությունները, որոնցում հստակ երևում է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ լինի իր պատկերացրած ու մեր շահերին հակասող սահմանազատումը, որպեսզի անկլավները մնան Ադրբեջանի հսկողության տակ, լինի Մեղրիով միջանցք իր վերահսկողությամբ, որը հետո գործարքի առարկա կդարձնի կամ կկիսի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև ցանկանում է, որ Հայաստանը մտնի միութենական պետության կազմի մեջ։ Ես համաձայն չեմ, որ միութենական պետություն դառնալու պահանջն այժմ պակաս կենսունակ է, քանի որ Ռուսաստանի գլուխը խառն է ուկրաինական ճակատում: Ո՛չ, թյուր կարծիք է. գնալով ավելի կենսունակ է դառնալու այդ հարցը։ 

Թամարա Ղազարյան