Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Բաբուխանյանը Մհեր Արմենիայի հետ ուզում է Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ․ կմիանա՞ն Ռոբերտ Քոչարյանին

Հայկ Բաբուխանյանը Մհեր Արմենիայի հետ ուզում է Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ․ կմիանա՞ն Ռոբերտ Քոչարյանին
Քաղաքականություն
16:40, 19 апрель 2021
Այս տարվա փետրվարի 6-ին ստեղծված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը երգիչ Մհերի «Ազգի ձայն» կուսակցության հետ Սիսիան քաղաքում օրեր առաջ բացեց գրասենյակ։ 

Շարժման առաջնորդներից ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը Civic.am-հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու՞ է որոշել ընտրությունների գնալ Մհեր Արմենիայի հետ, այն դեպքում, երբ նախկինում Հանրապետական կուսակցության հետ էր, պատասխանեց․

«Նախկինում մենք ՀՀԿ-ի հետ ունեինք դաշինք, հիմա մենք ստեղծել ենք շարժում, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության»․ եւ շատ կուսակցություններ, անհատներ, ՀԿ-ներ միացել են մեր շարժմանը, այդ թվում՝ Մհեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցությունը միացել է շարժմանը: Այսօր այդ շարժումը հիմնված է գաղափարախոսության վրա, որը շարժման անվան մեջ կա»։

Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկա ընտրություններում աջակցեն Ռոբերտ Քոչարյանին, քանի որ գաղափարական տարբերություն կարծես չկա, Բաբուխանյանը պատասխանեց․ «Կան շեշտադրումներ, որոնք մեր շարժումը ունի։ Շարժումը ինչպես եւ ինչ ձեւաչափով կգնա ընտրությունների՝ շարժման խորհուրդը դեռ կորոշի»: 

Ինչ վերաբերվում է իր ՍԻՄ կուսակցությանը՝ Բաբուխանյանն ասաց, թե կհայտարարեն՝ ինչպես են մասնակցում ընտրությանը, երբ ԿԸՀ-ն հայտարարի ընտրությունների անցկացման եւ օրվա մասին։

«Ընտրություններից ակնկալում ենք, որ ձեւավորվի այնպիսի փորձառու, պատասխանատու եւ գրագետ իշխանություն Հայաստանում, որը մեր երկիրը կհանի այս խորը քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական, հոգեբանական ճգնաժամից եւ ճանապարհ կբացի զարգացման համար», - ասաց նա։

Գեղամ Ադյան