Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ քննարկումներ են եղել ՀԱՊԿ-ում, որի արդյունքում կարող է կնքվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր

Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Հայաստանը այս տարի նախագահում էր կառույցում։ Երեկ կայացած նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաև Հայաստանին օժանդակություն տրամադրելու հարցը։ Այս տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ ռազմական օժանդակության ակնկալիքով։ Հայաստանը ՀԱՊԿ-ից աջակցություն դեռ չի ստացել, ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները անգամ քաղաքական գնահատական չեն հնչեցրել Ադրբեջանի գործողություններին։ Երեկվա հանդիպման ընթացքում 17 հարցերից 15-ի շուրջ է հնարավոր եղել համաձայնության հասնել։ 2 հարցերը, որոնց շուրջ համաձայնության գալ չի ստացվել, վերաբերում էին հենց Հայաստանին օժանդակություն տրամադրելուն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարող ստորագրել այդ հռչակագրերը այն տեսքով, որով առաջարկվում է. դրանք վերամշակման կարիք ունեն։ 
 
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ճանապարհային քարտեզի շուրջ հնարավոր է եղել ընդհանուր համաձայնության գալ։ Ի պատասխան Լուկաշենկոյի հայտարարության, Փաշինյանը գլխով դրական արձագանք է տվել։
 
Ի՞նչ է քննարկվել, և ի՞նչ ճանապարհ են տեսնում ՀԱՊԿ անդամ երկրները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ, որին կարող է համաձայնել նաև հայկական կողմը։
 
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դժվարացավ ասել, թե խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում հնարավոր լինի ասել, որ կկնքվի խաղաղության պայմանագիր։ Ավելին, ըստ Աբրահամյանի, երևում է, որ գործընթացը վերջին շաբաթների ընթացքում ավելի բարդ փակուղում է հայտնվել, քան կար մեկ-երկու ամիս առաջ։ 
Կառավարող ուժից Անդրանիկ Քոչարյանն էլ պնդում է. ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի տարածքներից, միայն այդ ժամանակ կկնքվի խաղաղության պայմանագիր։
 
Տիգրան Աբրահամյանը խնդրահարույց է համարում այն, որ ՀԱՊԿ-ը այդպես էլ գոնե քաղաքական գնահատական չտվեց Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։ Եվ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված խնդիրները, ըստ նրա, պետք է դիտարկել ավելի շատ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում և այդ հարթակում, բայց դա չի նշանակում, որ ՀԱՊԿ իրավասությունից այն պետք է դուրս բերել։ Անդրադառնալով կառույցից դուրս գալու մասին վերջին շրջանում ակտիվացած պահանջներին և տեսակետներին՝ Աբրահամյանն ասաց. «Կարծում եմ՝ այս պահին այդ թեման քննարկման ենթակա չի, և դա նաև պետք է դիտարկել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ենթատեքստում»։
 
Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում է, և ՀԱՊԿ-ը պետք է որոշի, թե նա՛ որտեղ է։
Հնարավո՞ր է ստեղծվի իրավիճակ, որ ՀԱՊԿ-ը ներգրավվի Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին։ Անդրանիկ Քոչարյանի համար նման զարգացումներ տեսանելի չեն։
 
Այսպիսով Հայաստանն ավարտեց իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Երևանի ջանքերը՝   գործարկել ռազմաքաղաքական այս կառույցի մեխանիզմները, այդպես էլ ապարդյուն անցան։ Էստաֆետան փոխանցվեց Բելառուսին։ 
 
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան