Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միայն ՌԴ-ն կարող է ՀՀ-ից դուրս գալու որոշում կայացնել․ ԵՄ դիտորդների գալը չունի՛ գեոպոլիտիկ բնույթ․ Արմեն Գրիգորյան․ factor.am

Factor TV–ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ։

-Ադրբեջանի ղեկավարությունը, Լաչինի միջանցք ուղակելով ակտիվիստներին, Ալիևի հորինած «Զանգեզուրի միջանցքի» հետ է անցկացնում զուգահեռներ, որ եթե ուզում եք բացել Լաչինի միջանցքը, դուք էլ մեզ տվեք միջանցք։ Եվ Ալիևը ՀՀ իշխանությունների հետ հանդիպումից հետ հայտարարեց, թե առաջարկել է երկու անցակետ դնել Լաչինի միջանցքում․ ենթադրվում է, որ մեկը՝ ՀՀ սահմանին, մյուսը՝ Արցախի հատվածում։ Ի՞նչ է պատասխանել կամ պատասխանելու ՀՀ իշխանությունը։

-Ինչպես նշեցի՝ ՀՀ իշխանությունը Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ չի վարում։ Այս առումով ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է։ Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը՝ լայն համատեքստում, ապա ՀՀ-ն իր բոլոր պարտավորություններն այդ առումով կատարել է։ Կառավարությունն անցած տարի նաև որոշում է կայացրել, որով երեք անցակետ է տեղորոշել, որոնց հիմնելու շնորհիվ հնարավոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա։ Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Բոլորին հայտնի է, որ ՀՀ-ի համար կարմիր գիծ է ապաշրջափակման համատեքստում քննարկել արտատարածքային որևէ մեխանիզմ։ Հայաստանը սա չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը․ ապաշրջափակում՝ ամբողջությամբ այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք նախանշված են նոյեմբերի 9-ի հայտարարությունում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է մեկ միջանցքի մասին՝ դա Լաչինի միջանցքն է։ Ալիևն այլ միջանցքի մասին խոսելով՝ իր հորինած խոսույթն է փորձել միջազգային հանրությանը մատուցել, բայց այդ խոսույթը որևէ ձևով չի ազդել և չի ազդելու ընթացող գործընթացների վրա։