Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես թե, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները»․ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյան

«Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես թե, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները»․ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյան
Քաղաքականություն
19:00, 05 май 2021
Այսօր՝ ԱԺ նիստում հարց ու պատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետպատերազմական իրավիճակի հետ կապված նշեց, որ այն, ինչ արվել է նոյեմբերի 9-ից հետո, ընդամենը համաձայնագրի առանձին որոշակի կետերի քննարկում է։ Բայց դետալներով իրագործմամբ ճանապարհային քարտեզ տեսանելի չէ, և հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Միսնկի խումբը՝ որպես հարցի կարգավորման երաշխիք, քայլեր կձեռնարկի։

«Մինսկի խումբը պե՞տք է այլևս ճանաչի Արցախի անկախությունը, թե՞ սպասում են ևս մեկ անգամ ագրեսիա արվի, վերջնականապես հայաթափվի տարածքը։ Ի վերջո միջազգային կառույցները ի՞նչ անելիք ունեն այն դեպքում, երբ մի ագրեսոր պետություն ավելի փոքր, նվազ տարածքով և հնարավորություններով պետության տարածքը անեքսիայի է ենթարկում», - ասաց նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ  Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցվել է 2 հայտարարություն․ մեկը եղել է նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին, երկրորդը՝ այս տարվա ապրիլի 13-ին։ 

«Հայկական կողմի գնահատականները և մոտեցումները հայտնի են։ Ես ուղղակի կուզեի հիշեցնել Ձեզ, որ Հայաստանը իր ճանապարհային քարտեզը՝ այս ժաանակաշրջանի համար, առաջին անգամ արտահայտել է  դեկտեմբերի 3-ին՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Մենք ներկայացրել ենք 5 կետանոց ճանապարհային քարտեզ», - ասաց նախարարը, նշելով, որ գոհունակությամբ կարող է փաստել, որ Մինսկի խմբի համանախագահների այդ երկու հայտարարություններում էլ հայկական կողմից բարձրացված հարցերը արտացոլվել են։

Պարոն Այվազյանը նշեց, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում հարցազրույցի ժամանակ, շատ ավելի հստակ է ընդգծել, որ խաղաղ գործընթացը պետք է վերսկսվի՝ ԼՂ- ի հիմնահարցի ամենակարևոր սկզբունքը, այն է կարգավիճակի հարցը։

Նրա խոսքով՝ նաև տարբեր գործընկերներ, հատկապես, Միսնկի խմբի համանախագահ երկրների արտգործ նախարարներ և պետությունների ղեկավարներ գնալով ավելի հստակ են արտահայտում իրենց կարծիքը՝ հարցի էության մասին ՝ այն է՝ խնդիրը ավարտված չէ, հակամարտությունը իր լուծումը չի գտել։ 

«Ուրախ եմ արձանագրել, որ Միսնկի խմբի համանախագահությունը, կարծես թե, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները, և, ինչպես նախկինում ասել եմ, լիահույս եմ, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի գործընթացներին, այլ կղեկավարի գործընթացները», - ասաց պարոն Այվազյանը։