Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախկին համամասնությամբ խորհուրդները շատ հաճախ դառնում էին առանձին խմբերի շահերի ներկայացման և տարբեր խնդիրների լուծման հարթակներ»․ ԿԳՍՄՆ ներկայացուցիչ․ Տեսանյութ

Կառավարության մայիսի 3-ի նիստում ընդունվել է որոշում, որով փոփոխություններ են կատարվում 3 պետական բուհերի կանոնադրություններում, որի իմաստը խորհուրդների ձևավորումն է։ Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսում պարզաբանումներ ներկայացրեց ԿԳՍՄՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը: 

Ըստ կանոնադրության խոհուրդների քանակը նվազեցվել է՝ 32 կամ 24-ի փոխարեն 20 անդամ է նախատեսվում և փոխվել է ձևավորման սկզբունքը։

Այժմ խորհուրդների կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։

Տիկին Գրիգորյանի խոսքով՝ որոշման նպատակը բուհերում առաջացած կառավարման հետ կապված խնդիրներն էին, երբ արդեն 2 տարի է ինչ, օրինակ, ԵՊՀ-ում չէր ընտրվում ռեկտոր, նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ չէր ընտրվում, և այս ամենից որոշակի խնդիրներ են առաջացել, խորհուրդը այլևս գոյություն չունի։ 

«Նույնը Շիրակի պետական համալսարանում և Մանկավարժական համալսարանում էր, որտեղ մայիսի 11-ին կլրանա խորհրդի ժամկետը։

Սրանով պայմանավորված՝ խնդիրներին հրատապ լուծում տալու անհրաժեշտությունից ելնելով, նախարարությունը նախաձեռնել է բուհերի կանոնադրությունների այս փոփոխությունները»:

Ըստ նրա՝ հրատապ լուծումների կարիք հիմնականում կա այս 3 բուհերում, դրա համար էլ 12 կանոնադրություններից առանձնացվել են այս 3-ը և ընդունվել են հիմանդրի կողմից, որպեսզի արդեն սահմանված կարգով ձևավորվեն խորհուրդները և բուհը անցնի բնականոն գործունեության։

Հարցին, թե արդյո՞ք այս համամասնությունից հետո ճգնաժամային իրավիճակ չի լինի, նա պատասխանեց, որ նախկին համամասնությամբ խորհուրդները դժվար էին գործում և շատ հաճախ դառնում էին առանձին խմբերի շահերի ներկայացման և տարբեր խնդիրների լուծման հարթակներ: Այս որոշմամբ հիմանդիրը որոշակի մեծամասնություն է կազմում խորհուրդներում։

Այն պնդմանը, որ նոր կանոնադրությունները փոխվել են գաղտնի և հարցին թե, ինչո՞ւ դա չի քննարկվել ԵՊՀ-ի և այլ բուհերի հետ, տիկին Գրիգորյանը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնել այդ պնդման հետ։ Խորհրդում փոփոխությունները բխում են գործող իրավակարգավորումներից, խորհրդի անդամների թիվը նվազեցվել է, ձևավորան համամասնությունը մնացել է նույնը: Միայն քանակական, տոկոսային հարաբերակցույթյունն է փոխվել։ Այս մոտեցումներին ծանոթ էին բոլոր բուհերը՝ դեռևս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի քննարկման շրջանակներում, երբ քննարկվում էր օրենքի կառավարման հետ կապված խնդիրները» 

Տիկին Գրիգորյանի խոսքով՝ նախարարության դիրքորոշումը հայտնի էր բուհերին. «Օրենքը գիտենք. խորհրդի ձևավորման 9 անդամներ՝ 5, 4 համամասնությամբ ԱԺ-ում անցել է՝ երկրորդ ընթերցմամբ և այս մոտեցումը ծանոթ էր բոլոր բուհերին»: 


Հարցին, թե ինչո՞ւ է խորհրդում դասախոսների ներգրավվածությունը 10 տոկոս,իսկ ուսանողներինը՝ տիկին Գրիգորյանը նշեց, որ ուսանողների 25 տոկոսի ներգրավվածությունը պարտադրված է՝ կրթության մասին օրենքով, ուստի որևէ փոփոխության այն ենթարկվել չէր կարող։ Իսկ մնացած համամասնությամբ ամենաշատ ներգրավվածություն ունեն հիմնադիր մարմնի ներկայացուցիչները՝ 20 անդամից 11 հոգի․ «Արդյունքում՝ մնում էր բաշխելու 20 տոկոսը, հետևաբար լիազոր մարմնի և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ընգրկվեցին հավասար սկզբունքով՝ 2/2 ներկայացուցիչ, կամ խորհրդի անդամների 10 տոկոս»։

Այն դիտարկմանը, որ փորձ է արվում բուհերը վերցնել իշխանության վերահսկողության տակ, նա նշեց, որ այսպիսի խնդիր չկա և հիմնական խնդիրը հիմնադրի կողմից պատասխանատվություն վերցնելու հարցն է ․«Որպես պետական բուհերի հիմնադիր, պետությունը իր մասնակցությունն է ունենում պետական բուհերի բարձրագույն կառավարման խորհրդում, դրանով կիսելով և իր վրա վերցնելով պատասխանատվություն՝ բուհի հետագա գործունեության և ոլորտում իրականացվող քաղաքականության բարեփոխումներ իրականցնելու համար»։

Նրա խոսքով՝ բուհերի ինքնավարությունը սահմանափակելու նպատակ չունի այս որոշումը, քանի որ բուհերը օրենքով սահմանված իրենց իրավասության շրջանակը ունեն։ Բուհերը կառավարվում են միանձնյա և կոլեգալության սկզբունքով՝ հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի գործառույթների իրականացմամբ․«Այս որոշումը վերաբերվում է միայն հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը, որտեղ, որպես բուհի հիմնադիր, իր մասնակցությունն է ունենում կառավարությունը։ Մնացած առումով որևէ սահմանափակումներ չկան»։

Հարցին, թե ի՞նչ քայլերի կդիմի նախարարությունը, եթե այս որոշման Սահմանադրականությունը ճշգրտելու հետ կապված գործընթացներ սկսվեն, ինչպես նաև վարչակական դատարանում հնարավոր է վիճարկեն որոշման օրինաչափությունը, տիկին Գրիգորյանը նշեց․«Նախարարությունը միայն գործելու է գործող օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորման շրջանակներում։ Եթե, օրինակ, սահմանադրական դատարանը որոշում կայացնի կասեցնելու իրավական ակտը, ապա այն կկասեցվի և դրանից բխող այլ գործողություն չի կատարվի»։

Գրիգորյանի խոսքով՝ այս պահին որոշումն ուժի մեջ է մտնում, կանոնադրության փոփոխությունները սահմանված կարգով կգրանցվեն արդեն նախատեսված ձևավորման կարգի շրջանակներում, հոգաբարձուների խորհրդի թեկանծությունները, բուհերի ստանալուց հետո, կնախաձեռնենք դրա անհատական կազմը վարչապետի հաստատմանը ներկայացնելու գործընթաց։