Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք չեք տեսնի մի բիզնեսմենի, որն ասի՝ հարկայինը քերում է ու ավել գումար է ուզում»․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Իրավունքի ուժով այսօր գումարվել է ԱԺ հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացնելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասաց․

«ԱԺ-ն արձակելու համար պատգամավորների մեկ երրորդի առաջարկով «Իմ քայլը» առաջադրել է վարչապետի թեկնածուի համար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այս անգամ նույնպես ձեռնպահ քվեարկելու և ԱԺ-ն արձակելու նպատակով»։

Այնուհետև ելույթ ունեցավ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօրվա հավաքի նպատակը ոչ թե վարչապետ ընտրելն է,այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելը։ 

«Բայց հաշվի առնելով նաև, որ ըստ էության ես երեք տարի առաջ այս օրերին եմ ընտրվել վարչապետի պաշտոնում և հաշվի առնելով, որ վերջին շրջանում հատկապես և շարունակական, անընդհատ մեր կառավարությանը առաջադրվել են ամենատարբեր մեղադրանքներ՝ հեղափոխական օրակարգը ձախողելու, պետական կառավարումը ձախողելու և այս կարգի այլ մեղադրանքներ, ես հարկ եմ համարում, համառոտ արձանագրել, թե վերջին տարիներին ՀՀ-ում ինչպիսի ինստիտուցիոնալ և խորքային փոփոխություններ են տեղի ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ այս թեմային անդրադառնում է նաև հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Ղարաբաղի 44-օրյա պարտերազմի և բանակցային գործընթացի վերաբերյալ գրեթե ամեն ինչ ասվել է։

Նա նշեց, որ երբ խոսում են ինստիտուցիոնալ բարեփոխումների, պետական կառավարման, հեղափոխական օրակարգի մասին, շատ դեպքերում մոռացվում է, որ դրանց իրական շահառուն մարդն է, քաղաքացին և սա այն դեպքերից է, երբ պիտի արձանագրել, որ վերնագրերը չեն արտացոլում իրականությունը։

«Որովհետև ՀՀ-ում իրոք տեղի են ունեցել խորքային բարեփոխումներ՝ սկսած տնտեսությունից, շարունակած արդարադատությունով և վերջացրած բնապահպանությամբ։ Երբ 2018 թվականին ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 միլիարդ դրամի պարտք։ Դա այն գումարն էր, որ ՀՀ օրենսդրությամբ բիզնեսը պետք է չվճարեր, այսինքն՝ այդ գումարը պետք է մնար բիզնեսի և տնտեսվարողների տրամադրության տակ, բայց  ըստ էության դրանք ամենատարբեր ձևերով և եղանակներով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ։ Այսինքն՝ էական չէ պատճառը, ըստ էության բիզնեսից վերցվել են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։