Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյոք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հնարավո՞ր էր խաղաղության գնալ Հիտլերի հետ․ Տաթիկ Հայրապետյան

Արդյոք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հնարավո՞ր էր խաղաղության գնալ Հիտլերի հետ․ Տաթիկ Հայրապետյան
Քաղաքականություն
16:20, 25 май 2021
ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանը (Իռլանդիա) խոսեց անցած շաբաթ Հայաստան կատարած իր այցի՝ հանդիպումների և դրանց արդյունավետության մասին: Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Զեկուցողը նշեց՝ գերիների և պատանդ պահվող անձանց հարազատների հետ ունեցած հանդիպման, ինչպես նաև փախստականների հետ ունեցած շփումների մասին:

Պարոն Գավանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ այց կատարելը շատ կարևոր է և որ անկախ քաղաքականությունից՝ հումանիտար խնդիրների դեպքում Արցախ այցը չպետք է խոչընդոտների հանդիպի:

Իմ ելույթում՝ շնորհակալություն հայտնեցի պարոն Գավանին Հայաստան կատարած այցի և այստեղ ունեցած հանդիպումների համար:

Շեշտեցի, որ հրատապ հարց է շարունակում մնալ հայ ռազմագերիների հարցը և արձանագրեցի, որ Ադրբեջանի Ազգային Ժողովի նախագահը «թղթի կտոր» է անվանել վերջերս Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Սա ցույց է տալիս պաշտոնական Բաքվի վերաբերմունքը միջազգային հանրության կոչերի նկատմամբ, ուստի այս հարցը հրատապ լուծում է պահանջում, հատկապես հաշվի առնելով, թե ինչ վտանգներ են սպառնում մեր հայրենակիցներին Բաքվում:

Խոսեցի նաև Սյունիքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից եկող սադրանքների և մեր պատրաստակամության մասին՝ լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինվորները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը:

Ամփոփելիս հետևյալ հարցն ուղղեցի իմ եվրոպացի գործընկերներին՝ «Այժմ հաճախ է խոսվում խաղաղությունից, բայց խաղաղությունը լոկ բառ չէ, դա գործողություններ է ենթադրում, մինչդեռ Ադրբեջանի գործելաոճը բնավ չի տանում խաղաղության ձևավորմանը:

Հարց տվեք ձեզ՝ արդյոք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հնարավո՞ր էր խաղաղության գնալ Հիտլերի հետ, հենց նմանատիպ իրավիճակ է ստեղծվել այսօր Հարավային Կովկասում Ադրբեջանի նախագահի կողմից տարվող քաղաքականության հետևանքով»: