Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերով զեկուցող Փոլ Գավանը. Տեսանյութ

Հայաստանում է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերով զեկուցողը: Վաղ առավոտյան սկսվեցին Փոլ Գավանի հանդիպումները մեր երկրի խորհրդարանում: Նախ՝ ընդլայնված կազմով հանդիպում ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության հետ: Առանցքում 44-օրյա պատերազմն  է, Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիները, հետպատերազմական Արցախը, կորսված ու վտանգված հայկական հոգեւոր մշակութային ժառանգությունը: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը  կարեւորեց այցն ու հույս հայտնեց, որ Պոլ Գավանի կողմից առաջիկայում պատրաստվելիք զեկույցում կարտացոլվի ողջ ճշմարտությունը:

Պատգամավորները ԵԽԽՎ պատվիրակին մանրամասն ներկայացրին Ադրբեջանի վարքագիծն իր բոլոր դրսեւորումներով, անդրադարձան նոյեմբերի 9-ին ստորագրված  եռակողմ հայտարարությանն ու Ադրբեջանի՝ դրանից բխող պարտավորությունների չկատարմանը: Բաքուն  պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր  հայ գերիներին, սա մեր պահանջն է, փաստեցին պատգամավորները՝ ընգծելով, որ այդ երկիրը ոտնահարել է  բոլոր հումանիտար կանոններն ու միջազգային պայմանագրերը:  Գավանն իր նոթատետրում առանձնացրեց այն ուղղությունները, որոնք լինելու են զեկույցի առանցքում:  Հետպատերազմական բոլոր իրողություններն ու ձեր կողմից ներկայացված  փաստերը,  միանշանակ, մաս կկազմեն իմ կողմից մշակվող  զեկույցում, որը պատրաստ կլինի մինչեւ աշուն:

ԱԺ պատգամավորները  Փոլ Գավանի հետ հանդիպմանը հատուկ ընդգծեցին  Ադրբեջանի հայատյացության փաստն ու այդ համատեքստում նրանց կողմից ի ցույց դրվող ակնհայտ  ցինիզմը: ԵԽԽՎ պաշտոնյային հստակ փոխանցվեց, որ պաշտոնական Բաքուն ունի ոչնչացնողի ձեռագիր, նրանք անխնա իսլամացնում են հայկական հոգեւոր մշակութային արժեքներն  ու օկուպացված տարածքներից վերացնում հայկական բոլոր հետքերը: