Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի հետ Երևանի գործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները» կդադարեն

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի հետ Երևանի գործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները» կդադարեն
Քաղաքականություն
12:53, 29 март 2023
Հույս ունենք, թե «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ Հայաստանում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով։

Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի ունեցած բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է։ Մեր կողմից վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով իրականացնելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը, ինչպես նաև օգնության այլ ծրագրեր, որ ամրագրված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համապատասխան որոշման նախագծով հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք այդ աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը»,- ասել է գերատեսչության ղեկավարի տեղակալը։