Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը նախատեսում է տարեկան հիմնել 500 հեկտար ինտենսիվ այգի

Կառավարությունը նախատեսում է տարեկան հիմնել 500 հեկտար ինտենսիվ այգի
Քաղաքականություն
13:29, 03 июнь 2021
Կառավարությունն այսօր ընդունեց ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը։ 

Հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյանն ասաց, որ 2019 թվականին ինտենսիվ այգիների ծավալը, համաձայն մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության, կազմել է մոտավորապես 1600 հեկտար, իսկ 2020 թվականին սույն ծրագրի շրջանակներում հիմնվել է լրացուցիչ 519 հեկտար այգի։ 

«Այսինքն՝ քովիդով պայմանավորված անորոշություններով, ոլորտն արդեն փաստացի երևում է, որ  մեծ ապագա ունի։ Կարող է հարց առաջանալ, եթե մեծ ապագա ունի ինչի՞ ենք օգնում։ Ինչքան հնարավոր է պարզ է, որ միայն մենք չենք տեսնում, որ ոլորտն ապագա ունի, աշխարհը դա է տեսել և կառավարությունն ու հանրությունն ինչքան հնարավոր է պետք է աջակցեն, որ ինչքան հնարավոր է անցումը դեպի գյուղատնտեսություն տեղի ունենա արագ։ Ինչքան այդ անցումը արագ տեղի ունենա, այնքան մենք մրցակցային բարձր առավելություն կունենանք միջազգային շուկաներում։ Հին և ավանդական գյուղատնտեսությունից անցումը ինտենսիվ գյուղատնտեսության, որոշակի, ոչ բարձր, բայց ռիսկեր է պարունակում, մենք այդ ռիսկերը մեղմում ենք, համաֆինասավորելով վարկերը, իսկ փոքր այգիների դեպքում տրամադրում ենք միջոցներ։ 0,5 տասնորդական հեկտարից, մինչև 10 հեկտար այգիների մասին է գնում խոսքը»,- ասաց Ավագ Ավանեսյանը։ 

Նա նաև ասաց, որ այս ծրագրով լրացուցիչ կոմպոնենտ է ավելանում, խոսքը գնում է կարգավորիչ ջրավազանների մասին, քանի որ ինտենսիվ այգեգործության դեպքում ջրային ռեսուրսների օգտագործումը չափազանց կարևոր է այդ համակարգերի կաթիլային և անձրևային ոռոգման համակարգերի ժամանակ։ 

«Չափազանց կարևոր կլինի այդ կարգավորիչ ջրամբարներ ունենալը, որպեսզի ջուրը հնարավոր լինի տրամադրել ցպահանջ»,- ասաց Ավագ Ավանեսյանը։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման։ Նախատեսվում է տարեկան հիմնել 500 հեկտար ինտենսիվ այգի։ Ծրագիրը սկսվելու է 2022 թվականից։