Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր ակնարկն այն էր, որ ա՜յ սրանք էն գլխից գնացել Ալանդյան կղզիներում էս դավաճանության սաղ պլանը գծել են, Սորոսն էլ կողքի սենյակում կոֆե էր խմում․ Փաշինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց դեռևս 2006 թվականին Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրած մի հոդված, ոը Հակոբյանը գրել է միջազգային ծրագրով Ալանդյան կղզիներ կատարված այցի ժամանակ, որտեղ ներկա են եղել նաև ադրբեջանցի լրագրողներ։ Ապա, Մանուկյանն անդրադարձավ բուն հարցին․ «Վաշինգտոնում ի՞նչ են խոսում, ի՞նչ են քննարկում, սեղանին փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ, և արդյո՞ք Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը նույն հարցերն են քննարկվում ինչ նախօրոք անոնսված Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպմանը պետք է քննարկվեն։ Նաև ու՞մ որոշմամբ է Ռուբեն Ռուբինյանը գնացել Վաշինգտոն։

Ի պատասխան Փաշինյանը ափսոսանք հայտնեց, որ Գեղամ Մանուկյանն այդ հոդվածի մասին ավելի շուտ չի հիշեցրել և նշեց, որ ինչ գրված է հոդվածում, ճիշտ է գրված։

«Ադրբեջանցիների հետ էդ ծրագրերով մենակ մեր խմբագրությունը չի գնացել, ձեր խմբագրությունն էլ է գնացել։ Ակնարկն ի՞նչ էր, որ սրանք էն գլխից գնացել Ալանդյան կղզիներում էս դավաճանության սաղ պլանը գծել են, Սորոսն էլ կողքի սենյակում կոֆե էր խմում»։

Անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, Փաշինյանն ասաց, որ փաստաթուղթ սեղանին կա, որը ինքն առաջարկել է ընդդիմությանը ներկայանա ԱԳՆ և ծանոթանալ, ինչից ընդդիմությունը հրաժարվել է։ «Բայց կարող եք հիմա էլ ծանոթանալ, չնայած նոր բան չեք գտնի, որովհետև էս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից», - ասաց Փաշինյանը։

Նաև նշեց, որ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն է մեկնել իր քաղաքական որոշմամբ, իրավական առումով՝ ԱԺ նախագահի որոշմամբ։

Փաշինյանը չցանկացավ որևէ պոզիտիվ կամ նեգատիվ կանխատեսում անել բանակցությունների ընթացքի և ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված, միաժամանակ ասաց․ «ես մեր բանակցողներին հանձնարարել եմ, որ այն թուղթը, որ բանակցում եք ես եմ ստորագրելու, ազատ բանակցեք մեր դրված քաղաքական ուղեգծի և արտահայտած հրապարակային կարծիքների շրջանակներում։
Իհարկե բանակցություններում կարող է նոր կոմպոնենտ առաջ գալ, նոր առաջարկ։ Չեմ էլ ուզում այնպես լինի, որ այն ինչ հրապարակային արտահայտել ենք դրանից ոչ մի միլիմետր այ կողմ կամ այն կողմ չլինի, որովհետև բանակցությունը կենդանի պրոցես է, որտեղ կարող են նոր գաղափարներ ծնվել», - ասաց Փաշինյանը և ավելացրեց․ «բան չկա, որ դուք չգիտեք»։