Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կռելու ենք» ասող բաշիբոզուկները սպասում էին հայտարարությանը, որ գրավեին իշխանությունը. Պապիկյան

«Կռելու ենք» ասող բաշիբոզուկները սպասում էին հայտարարությանը, որ գրավեին իշխանությունը. Պապիկյան
Քաղաքականություն
20:47, 09 июнь 2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Գյումրիում հայտարարեց. «Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվում էր հայտարարության այն տեքստը, որը 7 ամիս քննարկվեց, վերջին օրերին արդեն իսկ հայտնի դարձավ, որ մեր ընդդիմախոս քաղաքական ուժերը ոչ միայն չեն պատրաստվում մերժել այդ հայտարարությունը, այլև համարում են, որ այդ հայտարարության հետ պետք է շարունակել ապրել, այսինքն` էն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում էին դավաճանության մեջ, որևէ բան չեն փոխում»:

Նա նշեց, որ ամսի 9-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ուժային կառույցների ներկայացուցիչների զգալի հատվածը կանգնած էր սահմանին, և պաշտպանում էին մեր երկրի սահմանները, իսկ վարչապետի անվտանգությունը պահպանողների թիվը չէր կարող գերազանցել մեկ-երկու տասնյակը.

«Այսինքն` երկրի ղեկավարը սեփական անվտանգությունը վեր չի դասել հայրենիքի սահմանի պաշտպանությունից: Բայց որոշ բաշիբոզուկներ հազարներով կողքի շենքերում ծվարած սպասում էին հայտարարության ստորագրմանը, որ հարձակվեն ու փորձեն Հայաստանում գրավել իշխանությունը: Դրանք էն մարդիկ են, որոնք այսօր ընտրարշավ են անում և խոսում են «կռելու» մասին, խոսում են, որ անցյալին վերադարձ չի լինելու: Ճիշտ են ասում. անցյալին վերադարձ չի լինելու: Այդ անցյալը իրենք են, մենք չենք, մենք Հայաստանի ներկան ենք, իսկ ապագան որոշում եք դուք»:

Նրա խոսքով` պետք է լյուստրացիա անել և հասկանալ, թե որ քաղաքական ուժերն են մաս կազմել այդ իրադարձություններին. «Դրանց ոչ մի քայլ»:

Նա ընդգծեց, որ վերջին երեք տարվա ընթացքում Գյումրին կերպարանափոխվել է. «Մեր իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Գյումրին կրկին ոտքի կանգնի: Եվ այսօր Գյումրին ՀՀ զբոսաշրջության ամենակարևոր կենտրոններից մեկն է: Գյումրիի հյուրանոցներում տեղ չկա, զբոսաշրջիկներին թիվ չկա: Եվ սա Գյումրիի ապագան է»: