Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում»․ հավաստիացնում է Սուրեն Պապիկյանը․ Տեսանյութ․ aravot.am

Aravot.am-ը Շիրակի համայնքապետերի հետ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ծանո՞թ է այն փաստաթղթի բովանդակությանը, որը  պատրաստվում է ստորագրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ու որով, ըստ գաղտնազերծած տեղեկությունների, թշնամուն է հանձնվելու Տավուշ մարզից հինգ գյուղ, Արարատի մարզից մեկ գյուղ։

Նախարարը պատասխանեց․ «Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում։ Եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսվել է։ Հանրապետության վարչապետը մանրամասն դրա մասին խոսել է։ Այս պահին կրկին որևէ փաստաթուղթ առկա չէ, այսինքն՝ ցանկացած առաջարկություն, որը կարող է հնչել երրորդ երկրի կողմից, միջնորդ երկրի կողմից, բնականաբար, դա թղթային տարբերակով համ պիտի մեզ գա, համ պիտի գնա հակառակ կողմին, ճի՞շտ է։

Ու այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ  թուղթը եկել է այդ տեսքով, ապա դա  ընդունելի է մեզ այդ տեսքով։ Սա աշխատանքային պրոցես է, որի մեջ փորձում ենք տեսնել ավելի վատը, քան իրականությունն է։ Խնդիր չկա, մենք բաց ենք մեր հասարակության առաջ և պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել բաց։

Վարչապետը սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին նույնպես Ազգային Ժողովի ամբիոնից խոսել է, չկա նոր բան, որ ես այստեղ կարող եմ ասել։ Ամեն ինչ ասվել է, բոլոր հարցերի պատասխանները հնչել են։ Եթե կլինեն նոր հարցեր, եթե կլինի նոր իրավիճակ, բնականաբար, պատրաստ ենք այդ նոր իրավիճակին էլ պատասխանել կամ պարզաբանել ու լուսաբանել, թե ինչ ունենք»,- ասաց Սուրեն Պապիկյանը։