Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կեղեքող էլիտան պետք է պատժվի ժողովրդին ստրկացնելու համար. նրանց ասֆալտապատած ճանապարհները տանում էին դեպի զվարճանքի վայրեր. Փաշինյան

Կեղեքող էլիտան պետք է պատժվի ժողովրդին ստրկացնելու համար. նրանց ասֆալտապատած ճանապարհները տանում էին դեպի զվարճանքի վայրեր. Փաշինյան
Քաղաքականություն
13:24, 12 июнь 2021
Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Սևան քաղաքում հայտարարեց, որ այս նախընտրական արշավը սկսել է կրել դասակարգային պայքարի բնույթ:

«Մենք օբյեկտիվ հանգամանքների բերումով չենք կարողացել կեղեքող էլիտայի ամբողջական փոփոխությունն անել. սա է եղել վերջին 3 տարվա մեր ամենամեծ պրոբլեմը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ կեղեքող էլիտան պետք է փոխարինվի առաջնորդողի էլիտայով։

Նրա խոսքով՝ կեղեքող էլիտան ժողովրդին զրկել է պատշաճ կրթությունից: «2019-ից առաջ երեխաները դպրոց ընդունվում էին ծնող-տնօրեն բանակցությունների միջոցով, մենք փոխեցինք այդ համակարգը, և հիմա 1-ին դասարանցիները դպրոց են տեղավորվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Վայնասուն բարձրացավ, որովհետև մինչ այդ երկրում հաստատվել էին էլիտար և, այսպես ասած, ժողովրդական դպրոցներ: Անգրագիտություն տարածելով՝ կեղեքող էլիտան հպատակներ է պատրաստել իր համար, և այս էլիտան պետք է պատժվի ժողովրդին ստրկացնելու համար»:

Ինչպես նշեց Փաշինյանը, նախկինում ասֆալտապատվում էին այն ճանապարհները, որոնք նրանց տանում էին դեպի զվարճանքի վայրեր. «Մենք տասնյակ հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցել, որոնք տանում են դեպի մոռացված գյուղեր: Պատերազմում մեր անհաջողությունը փորձում են օգտագործել ժողովրդին վերաստրկացնելու համար: Սիրելի ժողովուրդ, այս ընտրություններում պետք է գնահատական տաք ժողովրդին կեղեքած էլիտային և մեզ մանդատ տաք»: