Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հերոսական ժողովրդին ժեխ կամ բոմժ անվանողների հետ մենք չենք կարող լինել միասնական. Փաշինյանը՝ Ներքին Գետաշենում․ Տեսանյութ

«Գեղարքունիքի մարզը մեզ անասելի ուժ և էներգիա է տալիս»,- Ներքին Գետաշենում այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ:

«Այս քարոզարշավի առանցքային նպատակն է, որ ես տեսնեմ ձեր աչքերը, ձեր հայացքը, դուք տեսնեք իմ աչքերը, իմ հայացքը: Եվ ես ձեր աչքերի, ձեր հայացքի մեջ տեսնում եմ մի անհաղթահարելի ուժ, մի հզոր էներգիա, մի մեծ հավատ ապագայի նկատմամբ: Եվ դուք, հույս ունեմ, մեր աչքերի մեջ տեսնում եք մեր սերը, նվիրվածությունը, մեր ափսոսանքը այն ամենի համար, ինչ պիտի անեինք, բայց չկարողացանք անել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Մենք ուզում էինք իմանալ, թե արդյոք հայ ժողովուրդը դեռ ունի՞ մեր ծառայության կարիքը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ նրանք, ովքեր արհամարհում են ժողովրդի կամքը, իրավունքը, պետք է դուրս մղվեն Հայաստանի քաղաքական և հանրային կյանքից. «Մենք չենք կարող միասնություն ունենալ նրանց հետ, ովքեր մեր հերոսական ժողովրդին ժեխ են անվանում կամ բոմժ: Նրանց հետ խոսելու բան կունենանք այն ժամանակ, երբ նրանք հատ-հատ ներողություն խնդրեն ժողովրդից»: