Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիում ու Ագարակում Քոչարյանի ձայները քիչ են լինելու, այստեղ ավելի շատ նիկոլական են․ Մեղրիի ու Ագարակի բնակիչները ընտրությունների մասին

Մեղրիում ու Ագարակում Քոչարյանի ձայները քիչ են լինելու, այստեղ ավելի շատ նիկոլական են․ Մեղրիի ու Ագարակի բնակիչները ընտրությունների մասին
Քաղաքականություն
13:51, 18 июнь 2021
«Ագարակում մեծ թվով մարդիկ համակրում են «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքին, Սամվել Բաբայանի ներկայացրած դաշինքին և Նիկոլ Փաշինյանին։ Ըստ իս Քոչարյանի ձայները քիչ են լինելու»,- Civic.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Ագարակի բնակիչ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Հարութ Օհանյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Ագարակի ժողովրդի մեծամասնությունը կոմբինատում է աշխատում։ Հարութ Օհանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք պղնձամոլիբդենային կոմբինատից կա աշխատողների վրա ճնշում, թե որ քաղաքական ուժին ձայն տան, սակայն մեր զրուցակիցը՝ նախ նշեց, որ տևական ժամանակ է ինչ առողջական խնդիրների պատճառով չի գնում աշխատանքի, այնուհետև հավելեց․ «Ինձ կոմբինատից որևէ մեկը չի զանգել հանրահավաքի մասնակցելու կամ որևէ քաղաքական ուժին ընտրելու հրահանգով։ Եվ չեմ էլ տիրապետում այնպիսի ինֆորմացիայի, որ որևէ մեկին հորդորել են։ Ինձ որևէ մեկը չի համարձակվի զանգի տենց առաջարկ անի, զանգում են նրանց ում վրա կարողանում են։ 

Եթե մարդը հասարակության մեջ որպես իր է, իրեն կարող են տանեն իրենց ուզած ուղղությամբ, համենայն դեպս ոչ Փաշինյանի ուղղությամբ»։

Մեղրիի բնակչուհի Գիսանե Առաքելյանն էլ նախապատվությունը տալիս է չմասնակցել ընտրություններին՝ իր խոսքով  հիասթափված է։

Մեր հարցին, թե իր շրջապատում որ քաղաքական ուժին են նախապատվություն տալիս՝ Մեղրիի բնակչուհին արձագանքեց․ «Մեղրիում մարդիկ գաղտնի են պահում իրենց նախընտրած ուժին՝ քաղաքապետի հետ կապված, ամեն դեպքում զգուշանում են, չեն ուզում վատամարդ դառնան։ Բայց «Հայաստան» դաշինքի քարոզարշավին էլ են մասնակցել մեղրեցիները, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին էլ են մասնակցել։ Ավելի շատ Նիկոլական են այստեղ»։ 
 
Նարա Մարտիրոսյան