Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես անձամբ ընտրելու եմ Փաշինյանին, Հայաստանի պարտությունը նրա իշխանության հետ չեմ կապում․ Ագարակի բնակիչ

Ես անձամբ ընտրելու եմ Փաշինյանին, Հայաստանի պարտությունը նրա իշխանության հետ չեմ կապում․ Ագարակի բնակիչ
Քաղաքականություն
19:01, 21 апрель 2021
Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Ագարակ և Մեղրի քաղաքների բնակիչներից ոմանք փակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանցից շատերը հնչեցնում էին հայհոյանքներ վարչապետի հասցեին, ինչպես նաև բղավում՝ «Նիկոլ դավաճան»։ Վարչապետի մուտքը՝ Ագարակ ու Մեղրի արգելողների մեջ էր նաև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
Civic.am-ը առավոտից կապի մեջ է Մեղրիի ու Ագարակի մի քանի բնակիչների հետ՝ հասկանալու իրավիճակը, ըստ մեր զրուցակիցների խոսքերի՝ չնայած տիրող իրավիճակին, բնակիչների մեծ մասը հանգիստ են՝ զբաղված իրենց առօրյա աշխատանքով։

Մեզ հետ զրույցում  Ագարակի բնակիչ, ինչպես նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ–ի աշխատակիցներից մեկը՝ Հարութ Օհանյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե վարչապետի դեմ ուղղված այդ ակցիան ով է կազմակերպել, քանի որ անձամբ իրեն ճանապարհ փակելու հրահանգ չեն տվել․ «Ես մեր համայնքի ղեկավարի հետ անձամբ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց նա չի կարող ինձ թելադրի, որ ձայնս տամ ինչ-որ մեկին։ Փառք Աստծո Ագարակում դեռ այն ֆոնը չկա, որ, եթե մարդն էս թևի վրա է՝ կարելի է հետը դուշմանություն անել»։

Մեր հարցին՝ Ագարակում, Ձեր շրջապատում շա՞տ են մարդիկ, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին, քանի որ այսօր ագարակցիներից ոմանք վարչապետի ճանապարհն էին փակել, թույլ չէին տալիս վարչապետը մտներ Ագարակ ու Մեղրի՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մեր ազգի մոտ մտածելակերպը շատ խառն է, դե գիտեք այս կյանքի դրվածքը ոնց է՝ ով որտեղից սնվում է, այնտեղին էլ ենթարկվում է՝ դա է լոգիկան»: 

«Ես անձամբ ընտրելու եմ Փաշինյանին, չեմ ուզենա, որ նախկին իշխանությունները հետ գան։ Այսօր հանդես եկող քաղաքական գործիչների մեջ ես ազգի պաշտպան չեմ տեսնում»,- արձագանքեց ագարակցին։ 

Մեր զրուցակցից հետարքրվեցինք՝ ինչու՞ է ընտրելու Նիկոլ Փաշինյանին․

«Թեպետ մարդկանց մոտ վախ կա, վատ սպասելիք կա, բայց ես Հայաստանի պարտությունը Փաշինյանի իշխանության հետ չեմ կապում, դա 30 տարի առաջվանից եկած պարտություն է»,- իր կարծիքը հայտնեց Հարութ Օհանյանը։  

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թեպետ քննարկվում է Մեղրիով դեպի Ադրբեջան գնացող երկաթգծի բացումն ու Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին՝ այնուամենայնիվ ագարակցի բնակիչն այս հարցում ևս չուներ անհանգստություն․

«Գերտերություններն ունեն ավելի մեծ շահեր, և եթե իրենք գտնեն, որ պետք է այդ ճանապարհը գործի՝ ապա այդ ճանապարհը գործելու է։ 20 տարի է թուրքի պոստը նայում է իմ քաղաքին, իմ քաղաքից թուրքի պոստը երևում է՝ դա անհանգստանալու բան չի՞, բանը հասել է երկաթգծի՞ն»։ 
 
Նարա Մարտիրոսյան