Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ավելորդ են հետընտրական պրոցեսները. Մեծ է տարբերությունը». Արցախյան ուժերը ողջունում են Հայաստանում կայացած ընտրությունները․ 1in.am

«Ավելորդ են հետընտրական պրոցեսները. Մեծ է տարբերությունը». Արցախյան ուժերը ողջունում են Հայաստանում կայացած ընտրությունները․ 1in.am
Քաղաքականություն
11:43, 22 июнь 2021
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Արցախի խորհրդարանականները ողջունում են Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները։

ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրություններին, նշեց, որ դրանք անցել են օրենքի պահանջներին համապատասխան և որևէ էական նշանակության ընտրախախտում տեղի չի ունեցել։

«Ընտրությունը կատարել է ՀՀ քաղաքացին, և ես մի քանի անգամ արդեն ասել, որ մենք ընդունում ենք ՀՀ քաղաքացիների ընտրությունը և վստահության քվեն, որը տվել են ՔՊ-ին։ Կարծում եմ, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում և լեգիտիմ է անցել»,-ասաց նա։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի՝ ՍԴ դիմելուն, Արթուր Հարությունյանը նշեց, որ ավելորդ են հետընտրական պրոցեսները, քանի որ տարբերությունը այնքան մեծ է, անգամ արձանագրված խախտումներն ազդեցություն չեն ունենա․ «Իմ կարծիքով՝ հետընտրական քայլերն իմաստ չունեն»,-ասաց պատգամավորը։
Արցախցիների ակնկալիքները, նրա խոսքով, այս ընտրություններից մեծ են՝ կապված տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախի անկախության ճանաչման, ինքնորոշման իրավունքի իրացման և բոլոր ուղղություններով ՀՀ համատեղ զարգացման ծրագրեր իրականացնելու հետ:

Այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին Արցախը չպետք խառնվի։

Իսկ ահա Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը ավելի մեծ ակտիվություն էր ակնկալում ընտրությունների ժամանակ. « Այն, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից քիչը, դա մի քիչ անսպասելի էր նման լարվածության պայմաններում: Ես ակնկալում էի, որ բնակչության գոնե 70 տոկոսը շահագրգռված կլինի մասնակցել ընտրություններին:
Ես նման անտարբերություն չէի սպասում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դա ժողովրդի կամքն է, պետք է ընդունել այնպես, ինչպես արձանագրվել է»:

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի այս ընտրություններից, Բաղունցը պատասխանեց. «Քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենալու, սպասելու ենք, որ գոնե եղած կուրսն ավելի հայրենանպաստ լինի, մի քիչ ավելի լուրջ ուշադրություն դարձվի բանակաշինությանը, փորձեն այն ատելության մթնոլորտը, որ վերջին ամիսներին տեղի է ունենում, գոնե մեղմացնեն և փորձեն համերաշխություն հաստատել տարբեր քաղաքական ուժերի միջև: Փորձեն լուրջ քայլեր ձեռնարկել այս ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ: Հուսով եմ՝ հնարավոր կլինի ընդհանուր եզրեր գտնել գոնե առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի միջև»:

Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, թե հնարավոր է Ազատական կուսակցությունը և Սամվել Բաբայանը համագործակցեն իշխանությունների հետ,. անգամ պաշտոն ստանա, Գագիկ Բաղունցն ասաց. «Հետագա համագործակցության հարցով միգուցե ճիշտ կլինի սպասել Ազատական կուսակցության ղեկավարության հայտարարությանը»:

Ազբյուր՝ 1in.am