Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքուր սուտ է, որը երևում է թվերում․ Դանիել Իոաննիսյանը՝ Սյունիքում 15 հազար զինվորականների քվեարկելու մասին

Մաքուր սուտ է, որը երևում է թվերում․ Դանիել Իոաննիսյանը՝ Սյունիքում 15 հազար զինվորականների քվեարկելու մասին
Քաղաքականություն
18:17, 25 июнь 2021
Չնայած Սյունիքի գրեթե ողջ տարածքում եւ անգամ սահմանամերձ Շուռնուխում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների ճնշող մեծամասնությունը՝ «Հայաստան» դաշինքից՝ Սյունքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել է, թե 15 հազար զինվորականներ մասնակցել են քվեարկությանը և դա է եղել Սյունիքում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի պատճառը։

«Քաջարանը միակ քաղաքն է, որտեղ դաշինքը հաղթել է գործող իշխանությանը եւ այնտեղ քվեարկել են մեր տվյալներով, շուրջ 15 հազար զինվորական: Դե հիմա դա սաղ հանեք, տեսեք ինչ թիվ է դառնում: Նույն զինվորները քվեարկել են մի քանի ընտրատարածքներում», - ասել է նա:

Civic.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Ղահրամանյանը, ով եղել է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մեկնաբանելով Վահե Հակոբյանի հայտարարությունը, ասաց․ «Ես դա բացառում եմ, մեր ընտրական համակարգը թույլ չի տալիս նման երևույթներ։ Սյունիքում իրենց կրած ջախջախիչ պարտությունը, որ մեծամասամբ կապվում է հենց իր անվան հետ, որովհետեւ քաղաքացիները որքան մեզ սիրում են, այնքան ատում են անձամբ իրեն՝ ի շնորհիվ իր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում ծավալած գործունեության եւ երկու տարի, եթե չեմ սխալվում մարզպետ աշխատելու ընթացքում։ Իր անձնական ջախջախիչ պարտությանը թող հանկարծ չփորձի այլ պատճառներ գտնի։ Դա իր անձնական պարտությունն է, որ կապվում է հենց իր անվանը, եթե լիներ մեկ ուրիշ մարդ՝ հնարավոր է ավելի շատ ձայներ հավաքեին»։

Ղահրամանյանի խոսքով՝ զինվորները միշտ էլ քվեարկել են եւ չի եղել այդպիսի ընտրություն, որ զինծառայող չքվեարկի․ «Մերկապարանոց հայտարարություններ են, փորձում են պատճառներ գտնել պարտության համար, ինչը ընդամենը ծիծաղելու տեղիք է տալիս»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Վահե Հակոբյանի հայտարարությունը ուսումնասիրվում է․ «Մենք ասել էինք, որ ընտրական խախտումների հետ կապված, այսինքն՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից, պայմանավորված նաեւ վերահաշվարկի տվյալների հետ՝ բոլոր դեպքերում, երբ կտեսնենք, որ հանցակազմի հատկանիշներ կան՝ դրանք ուղարկելու ենք քրեադատավարական կարգով պատշաճ ստուգում իրականացնելու»։

Իսկ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը Վահե Հակոբյանի հայտարարությանը արձագանքեց կարճ․ «Մաքուր սուտ է, որը երևում է թվերում»։

Թեմայի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԿԸՀ-ից, սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Նշենք, որ Հակոբյանի հայտարարության իսկությունը ստուգելու համար հարցում ենք ուղարկել նաեւ ՀՀ ՊՆ։