Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջադեպը երիցս ուժեղացրեց Փաշինյանին… Վարդան Մալխասյան, 1in.am

Միջադեպը երիցս ուժեղացրեց Փաշինյանին… Վարդան Մալխասյան, 1in.am
Հայաստան
11:02, 26 февраль 2021
ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց՝ ճիշտ կլիներ, որ Փաշինյանը արտահերթ ընտրություններ հայտարարեր. «Իմ նախկին ելույթներում նշել եմ, որ ճիշտը արտահերթ ընտրությունների գնալն է, բայց Նիկոլ Փաշինյանն առայժմ մեզ ականջալուր չի լինում։ Իշխանությունները պետք է արտահերթ ընտրությունների օր նշեին՝ թեկուզ աշնան ամիսներին, որ իրավիճակը հանդարտվեր։ Այդկերպ մենք Ազատության հրապարակում հավաքված ուժերին կասեինք՝ գնացեք պատրաստվեք արտահերթ ընտրություններին»։

Շարունակելով՝ Մալխասյանն ընդգծեց. «Միջադեպը երիցս ուժեղացրեց Փաշինյանին, եթե ոչ տասնապատիկ։ Հայաստանում իշխանափոխություն անելը բանակի խնդիրը չէ։ Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում հակասահմանադրական իշխանափոխությունը կհանգեցնի մեր երկրում իշխանության վերացմանը, կկորցնենք պետականությունը։ Բարձրաստիճան կոչումներով մարդիկ դա չեն հասկանում։ Բայց, իմ կարծիքով՝ նրանք ուղղորդվում են դրսից։ Ռուսները տիտանական ջանքեր գործադրեցին, որ իջեցնեն Փաշինյանի վարկանիշը։ Մի փոքր հաջողվեց, ամբողջ մեդիադաշտը նախկին թալանչիների ձեռքին է, բայց չկարողացան այնպես անել, որ Փաշինյանը չունենա ժողովրդի աջակցությունը։ Զավեշտալի է, որ սկսել են բանակից, և պատահական չէ նաև, որ Արմեն Սարգսյանը բացահայտ դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի դեմ, հոգևոր խորհուրդը նորից որոշում կայացրեց, նաև՝ Գլխավոր շտաբի այդ հայտարարությունը։ Քամիները գալիս են հյուսիսից»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Փաշինյանին այս իրավիճակը շատ ուժեղացրեց. «17 ուժերն ասում են, թե լուրջ ուժ են, ու ժողովուրդը պատրաստ է միանալ իրենց, ասում են՝ չմիացողները անբարոյականի զավակներ են։ Կասեմ մի բան՝ այդ ուժերի ներկայացուցիչները լկտի խուլիգաններ են, իսկ նրանց արածը կարելի է բնութագրել այսպես՝ փոթորիկ մի բաժակ ջրում։ Ովքե՞ր են այդ մարդիկ՝ 50/50 Սաշիկը, շուշանները, շարմազանովներն ու նրանց նմանները։ Այդ մարդիկ այսօր բարբաջում են, թե Արցախի կորուստների հետ կապված վշտի ու հոգեխանգարմունքի մեջ են, բայց ստում են… Ես հարց եմ տալիս՝ կեղեքիչը, թալաչին, սեփական ժողովրդին անարգողը կարո՞ղ է հայրենասեր լինել։ Նրանք արդեն բացահայտել են, որ իշխանություն ունեցել են թալանի համար։ Գողն ու թալանչին չի կարող զուգահեռաբար լինել հայրենասեր։ Թվարկածս դեմքերով հեղափոխություն անելն անհնար է»։

Ըստ նրա՝ հեղափոխականը նա է, ով կարող է վառել ու վառվել. «Այնպես որ զգուշացեք կեղծ ազգայնականներից ու հայրենապաշտներից, նրանք այլասերում են մարդկությանը։ Ուրախ եմ, որ Փաշինյանը վերջ դրեց թավիշին։ Ինքն ուզում էր բմբուլով մաքրել, բայց բանդիտներին բմբուլով մաքրել չի լինի։ Ավգյան ախոռները պետք է բահերով ու կոշտ գործիքներով մաքրես ու լցնես աղբանոցը»։