Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինձ համար անակնկալ էր նախագահի կողմից չստորագրելը»․ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

«Ինձ համար անակնկալ էր նախագահի կողմից չստորագրելը»․ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
Հայաստան
13:51, 26 февраль 2021
Հանրապետության նախագահը նախօրեին հրաժարվեց ստորագրել և ՍԴ քննության ուղարկեց ԱԺ-ի ընդունած օրենսդրական փաթեթը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքում փոփոխությունների նախագծերի մասին, համաձայն որի ներդրվելու է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտը: 

Նաև ստեղծվելու է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, որը կքննի ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: 

Նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները: 

Դրանցից, օրինակ, խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին:

Վերոնշյալի վերաբերյալ զրուցեցինք ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանի հետ։

- Քաղաքական դրդապատճառ տեսնու՞մ եք նախագահի կողմից օրենքները չստորագրելու մեջ։ 
- Պետք է պատասխանեմ այսպես՝ նախագահը իրացնելով իր սահմանադրական լիազորությունները դիմել է Սահմանադրական դատարան։ Կարող եմ արձանագրել, էր, սա ըստ էության կարևոր փորձ էր ընդլայնել առկա դատավորների թիվը, որովհետև ինչպես բազմիցս ասվել է, Հայաստանը դատավորների թվով՝ համեմատած բնակչության թվի հետ, լրջագույն դիսբալանս ունի, և սա նաև փորձ էր քրեական արդարատադության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ ըստ էության բարելավել քրեական արդարադատության որակը և նաև բեռնաթաթփել դատարանները, որովհետև դատարանները խիստ ծանրաբեռնված են։ Ինչևէ, Հանրապետության նախագահը օգտվելով իր սահմանադրական լիազորություններից դիմել է «Սահմանադրական դատարան», և մենք կսպասենք «Սահմանադրական դատարանի» համապատասխան որոշմանը։

-Իսկ ԱԺ-ի ընդունած օրենքը սահմանադրականության հետ խնդիր ունի՞, Ձեր կարծիքով։
- Գիտեք, տարբեր կարծիքներ կարելի է արտահայտել՝ մարդիկ կլինեն, որ կասեն, որ միանշանակ չունի՝ ես այդ կարծիքին եմ, կլինեն մարդիկ, որ կփորձեն հակասահմանադրական ինչ-որ հիմնավորումներ գտնել, բայց այստեղ իրավական տեսանկյունից հարցը շատ հստակ ու պարզ է։ Քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշում այդ օրենքի այս կամ այն դրույթի համասահմանադրական ճանաչելու վերաբերյալ՝ մենք պետք է առաջնորդվենք օրենքի սահմանադրականության կանխավարկածից։

- Եթե Դուք նշում եք, որ օրրենքը սահմանադրականության հետ խնդիր չունի, ապա նախագահը որտե՞ղ կարող էր խնդիր տեսել։
- Չեմ կարող ասել։ Ես դրա համար ասեցի, որ կարող են լինել տեսակետներ, և մարդիկ կարող են լինել, ովքեր այլ կարծիք կունենան և ես դեռ չեմ տեսել նախագահի դիմումը Սահմանադրական դատարան, որպեսզի հասկանամ՝ ինչի մասին է խոսքը և որ հոդվածների առնչությամբ է նախագահը որոշել դիմել Սահմանադրական դատարան։ Առանց փաստերի դժվար է դատողություններ անել։

- Արդարադատության նախարարությունից ասել էին, որ իրենց համար անակնկալ չէր, որ նախագահը չստորագրեց, Ձեզ համար սպասելի՞ էր։
- Ինձ համար, եթե անկեղծ լինեմ, ավելի շուտ անակնկալ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի վերջո մենք բոլորս փորձում ենք հնարավորինս ջանքեր ձեռնարկել, որպեսզի դատական իշխանության բեռը մի քիչ թոթափվի, դատական իշխանությունը կարողանա իրականացնել իր բնականոն գործունեությունը և իրականացնի դա արդյունավետ, որպեսզի գործերի քննության ժամկետները լինեն ողջամիտ և այլն։ Այս տեսանկյունից, իհարկե, անակնկալ էր։ 

- Սա կապվա՞ծ է ապօրինի գույքի բռնագանձման հնարավորինս ձգձգման հետ, քանի որ եթե այդ դատարանները չստեղծվեն, այդ օրենքը կկիրառվի։
- Չէ, դա բացարձակապես փոխկապակցված չէ, այդ օրենքի հետ, և կրկին անգամ պետք է ասեմ, որ որևիցե մանիպուլյատիվ դատողություններից պետք է զերծ մնալ։ Խոսքը վերաբերում է բացառապես քրեական արդարադատության ոլորտում անհրաժեշտ փոփոխություն կատարելուն։ Ի դեպ, պետք է ասեմ, որ այս օրենքի նախագիծը ակտիվ քննարկվել է մեր գործընկերների հետ և՛ դատական իշխանությունից, և՛ բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչների հետ։ Քննարկել ենք բավականին դետալային եղանակով, գրեթե բոլոր մանրամասնություններով՝ հաշվի ենք առել բոլոր առաջարկությունները Բարձրագույն դատական խորհրդի կողմից, դատական իշխանության մեր այլ գործընկերների կողմից։

- ԲԴԽ-ում ևս օրենքում խնդիր չէին տեսել, ճի՞շտ է։
- ԲԴԽ-ում ոչ միայն խնդիր չէին տեսել, այլև մենք համատեղ փորձել էինք հասկանալ, թե ոնց է կարելի այս մեխանիզմը կյանքի կոչել։ Նախագահը այլ կարծիք ունի, ես չեմ կարող որևիցե եղանակով, սահմանադրական լիազորությունների որևէ շրջանակում քննադատեմ այս մոտեցումը, պարզապես պետք է ասեմ, որ մենք իրավունք ունենք ԱԺ-ում ընդունել սահմանադրական օրենքներ, նախագահն էլ իրավունք ունի դրանք վիճարկի Սահմանադրական դատարանում և, իհարկե, այստեղ էլ պետք է հասկանալ, որ ոչ բոլոր դեպքերում է, որ նախագահը պետք է շռայլի իր՝ այս լիազորությունը։ Թեև եթե գտել է խնդիր, ապա նաև իր սահմանադրական պարտավորություններից մեկն է դա ներկայացնել Սահմանադրական դատարանին։ Ինչևէ, Սահմանադրական դատարանի դրական եզրակացության  առկայության դեպքում այս օրենքը  շատ ավելի հիմնավոր կլինի։ Ես խնդիր չեմ տեսնում, որովհետև ամեն ինչ, թեև դա քաղաքական առումով, գուցե նաև էմոցիոնալ առումով որոշակի խնդիրներ է առաջացնում էս մոտեցումը, բայց իրավական տեսանկյունից չեմ տեսնում մեծ խնդիր, որովհետև բոլոր մարմինները գործել են սահմանադրական լիազորությունների շրջանակներում։ Ուղղակի, մենք հնարավորություն ունեինք շատ ավելի արագ համալրել դատական համակարգը նոր հաստիքներով, ինչի մասին խոսում են գրեթե բոլոր դատավորները, ցավոք պետք է արձանագրեմ, որ այս գործընթացը կուշանա։

- Իսկ որքա՞ն ժամանակով հետ կընկնի այս գործընթացը։
- Սահմանադրական դատարանում կան գործի քննության ժամկետներ՝ երեք ամիս որոշում կայացնելու համար, որը ՍԴ-ի որոշմամբ կարող է ձգձգվել հետագա եռամսյա ժամկետով։

- Այսինքն, հնարավոր է այս գործընթացը վեց ամիս ձգձգվի՞։
- Տեսականորեն՝ այո։

- Պարոն Վարդանյան, 16+ի շարժումը ճնշումներ էր գործադրում նախագահի նկատմամբ։ Հնարավոր համարու՞մ եք, որ նախագահը ուղղակի տրվեց այդ ճնշումներին։
- Գիտեք, ես կրկին պետք է փորձեմ լինել բավականին կոռեկտ՝ պետական սուբյեկտների և պետական մարմինների նկատմամբ և պետք է հույս արտահայտեմ և այդ տեսակետը հնչեցնեմ նորից, որ պետական մարմինները, պաշտոնատար անձինք պետք է գործեն ոչ թե այս կամ այն սուբյեկտների ճնշմամբ, այլ սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններով։

Վովա Հակոբյան