Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրատապ լուծումներ՝ Ճակատենի և ճանապարհային խնդրի առաջ կանգնած մյուս գյուղերի համար․ armradio.am

Հրատապ լուծումներ՝ Ճակատենի և ճանապարհային խնդրի առաջ կանգնած մյուս գյուղերի համար․ armradio.am
Հայաստան
13:18, 16 ноябрь 2021
Կապան-Ճակատեն ավտոճանապարհին նոյեբերի 15-ի կեսգիշերից ադրբեջանական անցակետի տեղադրումը լուրջ խնդիրներ է ստեղծել մարզի համար։ Ճակատեն, Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր հասնելու համար քաղաքացիներն արդեն պետք է անցնեն Մեղրի-Շվանիձոր ճանապարհով, որը նախկին ճանապարհի համեմատ երկարում է 140 կիլոմտերով։ Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ համայնքապետարանների հետ շուրջօրյա կապի միջոցով համակարգելու առաջացած խնդիրները։ Առաջնահերթորեն դիտարկվել են սննդի մատակարարման, առողջապահական եւ կրթական խնդիրները։

Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո Կապան ու Գորիս համայնքների գյուղերում ստեղծված իրավիճակը քննարկելու,  խնդիրներին արագ արձագանքելու, բնակիչների կարիքների սպասարկումը կազմակերպելու նպատակով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Համայնքապետարանների հետ համագործակցությամբ շտաբը շուրջօրյա ու օպերատիվ կերպով կզբաղվի առաջ եկած խնդիրներով՝ պահելով կապը բնակիչների հետ։

Ճակատեն, Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերը մոտ 800 բնակիչ ունեն։ Մինչ նոր այլընտրանքային ճանապարհի  կառուցումը՝ երթեւեկը պիտի կազմակերպվի Մեղրի-Շվանիձոր ուղիով։ Ճանապարհն այսպիսով երկարում է մոտ 140 կմ-ով։ Ծավի տարածաշրջանում գործում է 4 դպրոց։ Երկուշաբթի դասերը մասամբ կազմակերպվել են հեռավար՝ «Ռադիոլուրին» ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը։

«Ներքին Հանդ եւ Ծավ բնակավայրերի դպրոցներում լիարժեք առկա ուսուցում է կազմակերպել, որովհետեւ այդ գյուղերում չունենք այլ տեղերից եկող ուսուցիչներ։ Շիկահողում կազմակերպել ենք հեռավար կրթություն, վաղվանից  կլինի մասնակի հեռավար, քանի որ ուսուցիչների մի մասը այլ գյուղից են գալիս, իսկ նրանք, ովքեր ապրում են գյուղում, առկա կպարապեն դասերը։ Ճակատենի դպրոցում  լիարժեք հեռավար  կրթության ենք անցել, քանի որ Ճակատենը Կապանին ամենամոտ բնակավայրն է, եւ  ուսուցիչները Կապանից էին գալիս դպրոց։ Բոլոր աշակերտներին տրամադրել ենք անհրաժեշտ սարքավորումներ, ոչ մի խոչընդոտ չկա հեռավար ուսուցումը կազմակերպելու»։

Արդյո՞ք մինչեւ այլընտրանքային ճանապարհի կառուցումը այս դպրոցներում ուսուցումը կիրականացվի հեռավար․ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետի՝ փորձում են կազմակերպել, որ այլ վայրերից եկող ուսուցիչները մնան գյուղերում։ Հայկ Հարությունյան․

«Ինձ թվում է՝ բոլորը գիտեն, որ սյունեցիներն առավել քան այս պահին հայրենասեր են։ Ունենք ուսուցիչներ, որոնք պատրաստակամություն են հայտնել  գնալ, մնալ այդ գյուղերում եւ դասավանդել աշակերտներին»։

Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն, Ծավ  գյուղերի բնակիչների ամբուլատոր բուժսպասարկումն իրականացնում է Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը՝ իր բուժակ-մանկաբարձական կետերով։ Շտապօգնության ծառայությունն իրականացնում է «Կապանի բժշկական կենտրոնը»։  Այժմ Ճակատենի տարածաշրջանի գյուղերից  կանչերը ժամանակավորապես կհասցեավորվեն Մեղրիի բժշկական կենտրոնին։ Բացի սրանից՝ գյուղերից մեկում կտեղակայվի շտապ օգնության կայան՝ տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից։ Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը տեղեկացրեց, որ շտապօգնության մեքենան արդեն ճանապարհվել է Ծավի ենթաշրջան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում