Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հետ հարաբերությունների դրական տեղաշարժը Հայաստանին «մանևրելու, շնչելու հնարավորություն կտա». Տեսանյութ․ azatutyun.am

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը սկսվել է, վատ չէ, ի վերջո՝ եթե Թուրքիայի հետ հարաբերությունները սկսեցին զարգանալ, այդ դեպքում Հայաստանը մանևրելու ավելի մեծ հնարավորություն կունենա։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում այսպիսի կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը։

Միաժամանակ, Հայաստանի բանագնացին նա զգուշացրեց, որ «Թուրքիան իրոք մեծ պետական ավանդույթներ, դիվանագիտական ավանդույթներ ունեցող երկիր է, ինքը քեզ կարող է ներգրավել այդ պրոցեսի մեջ ու պրոցեսի ժամանակ իր նախապայմանները ուժեղացնել, դնել»։

«Ինչքան հասկանում եմ՝ դեռ նախապայման Թուրքիայում չի լինելու, բայց համոզված եմ՝ ինչ-որ ժամանակ հետո կարող է դա լինել, մենք պետք է պատրաստ լինենք», - ընդգծեց վերլուծաբանը՝ հավելելով․ - «Նայեք ինչքան նուրբ է Թուրքիան, Չավուշօղլուն ինչ ասաց․ երբ Հայաստանը ասաց՝ «մենք պատրաստ ենք, որ առաջին հանդիպումը Մոսկվայում լինի», իրենք համաձայնեցին, բայց նույն պահին, նույն տեքստով վերապահում արեցին՝ «մենք հուսով ենք, որ մյուս հանդիպումները կլինեն Երևանում և Անկարայում»։

«Մեծ փորձ ու լուրջ դիվանագիտություն ունեցող երկրի հետ շատ պետք է պատրաստվես, լուրջ խումբ պետք է ստեղծեն, որը խորհուրդներ կտա մեր բանագնացին, տեղեկանքներ կպատրաստի։ Հակառակ դեպքում՝ Թուրքիան եթե տեսնի, որ դու թույլ ես, դու գիտելիք չունես, դու պակաս գիտելիք ունես, և այլն, և այլն, այդ պատմական իրողությունների հետ, իրենք քայլ առ քայլ կուժեղացնեն իրենց պահանջները», - նշեց Գրիգորյանը։

«Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, իր հերթին, ասաց․ - «Երբ մենք խոսում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ ես հատուկ եմ նշում Հայաստան-Թուրքիա, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լայն են, դրա մասին ես կուզեմ խոսենք, իհարկե, մենք խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության մասին, ինձ համար որևէ կասկած չկա և վեճի թեմա չկա առ այն, որ քանի դեռ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները այս վիճակում են, մենք կախված ենք մնալու Ռուսաստանից՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, հոգեբանական և բոլոր տեսանկյուններից։ Պետք չի շատ մեծ գիտելիքներ, խելք ունենալ՝ այս պարզ բաները հասկանալու համար, որովհետև քանի դեռ Թուրքիան սպառնալիք է, ապա Ռուսաստանն էլ փրկիչ է։ Եվ ցավալի է, որ հայ քաղաքական միտքը շարունակում է մնալ այս փակուղում՝ մշտական բարեկամի և մշտական թշնամու փակուղում»։

«Այո, Թուրքիան իրականացրել է Հայոց ցեղասպանություն, այո, Ռուսաստանը մեզ բարեկամ պետություն է, բայց դիվանագիտության մեջ չի կարելի միայն այս երկու չափորոշիչներով առաջ շարժվել։ Այդ երկու չափորոշիչներով առաջ շարժվելը նշանակում է, որ դու անընդհատ փրկություն ես ակնկալում Ռուսաստանից, որովհետև թուրքերը գալու են և քեզ հերթական անգամ ենթարկելու են ցեղասպանության։ Եվ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների որոշակի դրական տեղաշարժը ինքնին կարող է մեզ տալ շնչելու հնարավորություն», - շեշտեց Հակոբյանը։