Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսվում է ստեղծել հայրենիքին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը հավերժացնող միասնական կայք

Նախատեսվում է ստեղծել հայրենիքին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը հավերժացնող միասնական կայք
Հայաստան / Հասարակություն
22:47, 15 март 2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Պաշտպանության նախարարության հետ համատեղ ցանկանում է ստեղծել կայք, որում կներառվեն փաստական տվյալներ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հայորդիների մասին.  Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկ Սարգսյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտպանության նախարարության հետ համատեղ ցանկանում ենք ստեղծել կայք, որի նպատակը պետք է լինի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացումը՝ անկախ կարգավիճակից, զինվորական կոչումից, գործած սխրանքից, ինչպես նաև պատերազմի պատմության փաստական հիմքի ստեղծումը: Կայքում կընդգրկվեն նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) և այլ մարտական գործողությունների ժամանակ անմահացած մեր հերոսների մասին տեղեկությունները»,- գրել է Սարգսյանը:

Պատգամավորը նշել է, որ կայքի կազմակերպման համար հրավիրվում են մասնագետներ, ովքեր որպես կամավոր կներգրավվեն կայքի պատրաստման աշխատանքային խմբում։

«Ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլփոստի միջոցով։ Կայքը ունենալու է որոնման պատուհան՝ ընդլայնված որոնման հնարավորություններով այբբենական կարգով՝ անուն-ազգանուն-հայրանունով, ծննդյան տարեթվով, ծննդավայրով, հուղարկավորության վայրով, զինվորականների դեպքում՝ կոչումներով, զորամասերի համարներով, պարգևներով և այլ տվյալներով: Կայքն ունենալու է պատմությունների բաժին, որտեղ կտեղադրվեն մարտական ընկերների կողմից ներկայացված պատմությունները զոհված կամ անհետ կորած հերոսների մասին»,- նշել է պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության անդամը հավելել է, որ կայքն ունենալու է նաև տեղեկությունների համալրման հնարավորություն, ինչը օգտատերերին հնարավորություն կտա հավելյալ տվյալներ/լուսանկարներ ներբեռնել կայք:

«Օրինակ՝ ծնողները, հարազատները կամ ընկերները կարող են ավելացնել լուսանկարներ կամ այլ, այդ թվում՝ ճշգրտող տվյալներ: Ըստ էության, կայքը հնարավորություն կտա անուն առ անուն ճանաչել մեր հերոսներին՝ կարդալ նրանց կենսագրությունները, անցած ուղին, տեսնել նրանց լուսանկարներն ու դիտել նրանց մասին տեսանյութերը։ Փառք մեր բոլոր հերոս եղբայրներին և քույրերին»: