Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամբուլատորիաների կատարողականի դիմաց պակաս վճարումները եղել են խիստ անհամաչափ․ ԱԺ-ում ներկայացվեց Առողջապահության նախարարության հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է առողջապահության նախարարությունում 2021 թվականի բյուջեի 9 ամիսների նկատմամբ հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը։

«9 ամիսներն ընդգրկել է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը։ Այդ ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է թվով 15 բյուջետային ծրագիր, որոնց համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ։ Կատարված վճարումը կազմել է շուրջ 95 միլիարդ դրամ, հաշվեքննության է ենթարկվել թվով 6 բյուջետային ծրագրի թվով 8 միջոցառում, հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ»,-ասաց Խաչիկ Փափազյանը։

Նա արձանագրված անհամապատասխանությունները ներկայացրեց դրանք պայմանականորեն բաժանելով երկու մասի։ 

Առաջին մասը՝ պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայություններն են, երկրորդը՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ ծրագիրն է։

«Հաշվեքննության է ենթարկվել պետական պատվերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստացի կատարողականի դիմաց նախարարության կողմից իրականացված վճարումների ողջ գործընթացը։ Կատարվել է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» և պետական բյուջեի գանձապետական գործառնությունների «ԷԼ ԷՍ ֆայնս» համակարգերում առկա տվյալների համադրություւն, հաշվեքննության արդյունքում արձանագրվել է բժշկական կազմակերպութունների կողմից ներկայացված կատարողականների դիմաց ինչպես ավելի, այնպես էլ պակաս վճարման դեպքեր։ Թվով 7 բյուջետային միջոցառումներից 2-ի դեպքում, այն է՝ երեխաների բժշկական օգնության ծառայությունների և մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ, նախարարությունը համաձայն ներկայացված կատարողականների ամբողջությամբ ֆինանսավորել է  ծառայություն մատուցած բոլոր բժշկական կազմակերպություններին»,-ասաց Խաչիկ Փափազյանը։ 

Նա նշեց, որ առաջին միջոցառումը ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններն են, որոնց այս միջոցառման շրջանակներում թվով 388 բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացրած փաստացի կատարողականի հանրագումարը կազմել է շուրջ 19 միլիարդ դրամ, որը 1,1 միլիարդ դրամով ավելի է, հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանից։

Նա տեղեկացրեց, որ միջոցառման ֆինանսավորումը կազմել է 17,8 միլիարդ դրամ, որը շուրջ 54 միլիոն դրամով պակաս է հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանով սահմանված համամասնությունից։ 

«Նախարարության կողմից չի հիմնավորվել ճշտված պլանից պակաս ֆինանսավորման հայտ և ֆինանսների նախարարություն ներկայացնելու հանգամանքը, որի հետևանքով առաջացել է լրացուցիչ պարտավորություններ։ Կատարողականի դիմաց պակաս վճարումները եղել են խիստ անհամաչափ»,-ասաց Խաչիկ Փափազյանը։   
 
Ամփոփելով միտքը՝ Խաչիկ Փափազյանն ասաց, որ կարող է արձանագրել, որ այստեղ խնդիրները հիմնականում պայմանավորված են ներքին հսկողական համակարգերի ոչ լիարժեք կամ որոշ դեպքերում իսպառ բացակայության պատճառով։ 

Մանրամասները՝ տեսանյութում