Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի «թանկարժեք տղան», որը 3 ընկերությունում բաժնեմասեր, թանկարժեք բնակարան ու միլիոններ ունի, իշխանափոխություն է ուզում անել՝ «թալանը հետ բերելու» համար

Քոչարյանի «թանկարժեք տղան», որը 3 ընկերությունում բաժնեմասեր, թանկարժեք բնակարան ու միլիոններ ունի, իշխանափոխություն է ուզում անել՝ «թալանը հետ բերելու» համար
Հայաստան
16:10, 03 май 2022
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, ինչպես հայտնի է, արդեն մի քանի ժամ է՝ համացանցի աստղ է դարձել, միայն այն բանի համար, որ փողոց է փակել և բերման է ենթարկվել ոստիկանություն, ընդ որում՝ «կուլտուրական ձեւով», առանց «գլխին կպնելու»։ 
 
Որդի Քոչարյանը, որը փողոցներ փակելու միջոցով փորձում է օգնել հորը իշխանափոխության գործը գլուխ բերելու համար, բոլոր տվյալներն ունի ՀՀ պաշտոնաթող գործիչների «թանկարժեք տղաների» շարքը դասվելու համար։ «Թանկարժեք» ասելով նկատի ունենք թանկ արժեք ունեցող գույք տնօրինող տղաներին, ինչու չէ՝ նաեւ դուստրերին։ 

Եւ այսպես, «Հայաստան» դաշինքի ցուցակում հանգրվանած Լեւոն Քոչարյանը դեռ մեկ տարի առաջ, ըստ կարգի, ներկայացրել էր իր հայտարարագիրը, դատելով որից՝ կարգին ունեցվածքի տեր է։  Ըստ այդմ՝ նա որպես անշարժ գույք Երեւանի կենտրոնի «պրեստիժնի» փողոցներից մեկում՝ Աբովյանում, մեկ բնակարան է հայտարարագրել՝ 226 ՔՄ մակերեսով, նույն փողոցում գտնվող 20 ՔՄ մակերեսով մեկ ավտոտնակ, Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 203 ՔՄ տարածքով գրասենյակային տարածք։ Որպես շարժական գույք Քոչարյանը հայտարարագրել է « 2013թ․ TOYOTA RAV 4 2.5»  եւ 2019 թ․ TOYOTA CAMRY 3.5 P» ավտոմեքենա։ Որպես եկամուտ կրտսեր Քոչարյանը հայտարարագրել է «Նաիրի Ինշուրանս»-ից ստացած 604 մլն 200 հազար դրամ շահույթը, եւ աշխատավարձը՝ 17 մլն 604 հազար դրամ։

Ինչպես նաեւ «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ից վարձակալության դիմաց ստացած 14 մլն 997 հազար 775 դրամը։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 161 մլն 280 հազար 640 դրամ եւ 395 հազար 459 ԱՄՆ դոլար։ Քոչարյանը ունի բաժնեմասեր հետեւյալ ընկերություններում՝ «Նաիրի ինշուրանս»՝ 60 տոկոս, «Զեմկոմինվեստ»՝ 50 տոկոս, «Սփեյս մենեջմենթ»՝ 33,3 տոկոս եւ 0,70 տոկս բաժնետոմս՝  «Էքզել աութդորս» ընկերությունում։ 

Թե քանի տոննա հալալ քրտինք է թափել 37–ամյա Լեւոն Քոչարյանը նման ունեցվածք ձեռք գցելու համար, թերեւս պետք է պարզեն ապօրինի գույքի բռնագանձման առաքելություն ունեցող մարմինները։ Իսկ մինչ այդ անդրադանանք «Հայաստան» դաշինքի ցուցարար պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հրովարտակին, ըստ որի՝ «թալանը հետ ենք բերելու»։ Պարոն Սաղաթելյանը թալանագանձումը կարող է սկսել «Հայաստան» դաշինքի ղեկավարից ու նրա որդիներից։  Ինչպես հայտնի է՝ ռիսկը գործի կեսն է։