Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշնանը կանխատեսվում է կորոնավիրուսի ցուցանիշների բարձրացում, սակայն դեռևս պատվաստումների 44 տոկոսի շեմին ենք. ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետ

Աշնանը կանխատեսվում է կորոնավիրուսի ցուցանիշների բարձրացում, սակայն դեռևս պատվաստումների 44 տոկոսի շեմին ենք. ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետ
Հայաստան
13:05, 11 май 2022
Civic.am-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:

- Տիկին Գրիգորյան, կորոնավիրուսն արդեն քանի տարի է՝ շրջում է ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ չի հայտնաբերվում վարակ։ Ձեր կարծիքով՝ առողջապահության նախարարությունը կգնա՞ այն քայլին, որ դադարեցնի պատվաստման անհրաժեշտության, այսպես ասած, քարոզը։

- Այս պահին հարաբերական հանգիստ համաճարակային իրավիճակ է, սակայն չի նշանակում, որ համավարակը ավարտվել է։ Կան պարբերաբար նոր ի հայտ եկող վիրուսի տեսակներ, որոնք սկսում են լայնորեն տարածվել, և առաջիկայում, հատկապես աշնանը, կունենանք ցուցանիշների որոշակի բարձրացում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Եվ հիմա, ընդհակառակը, պետք է խրախուսենք պատվաստումները՝ հատկապես ռիսկի խմբերի անձանց շրջանում, որպեսզի պատրաստ լինենք այս նոր սպասվող բարձրացման ժամանակ պաշտպանել հենց այս անձանց։  

- Որոշ երկրներում, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Սինգապուրում, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է բնակչության 90 տոկոսից ավելին։ Հայաստանը քանի՞ տոկոս շեմ է նախատեսել, և արդյոք հասնելով այդ շեմին՝ բավարար կհամարե՞ք, որ այլևս կորոնավիրուսին առնչվող սահմանափակումներ չլինեն, և պատվաստման անհրաժեշտություն չլինի։ 

- Կոլեկտիվ իմունիտետի համար պետք է ունենալ 80 տոկոս և բարձր ընդգրկվածություն, որպեսզի կարողանանք վիրուսի շրջանառության վրա ազդել, սակայն այդ ցուցանիշից բավական հեռու ենք։ 18-ից բարձր անձանց շրջանում մեկ դեղաչափ պատվաստումները հատել է 50 տոկոսի շեմը, սակայն ամբողջական պատվաստման համար պետք է ունենալ երկրորդ դեղաչափ, իսկ օմիկրոնի առումով նաև կարևորվում է բուստեր դեղաչափ ստանալը։ Որոշ երկրներ նաև 4-րդ դեղաչափ են առաջարկում հենց օմիկրոնի կանխարգելման համար՝ 3-6 ամիս հետո։ Այս առումով պատվաստումները միանշանակ պետք է շարունակենք, իսկ սահմանված ցուցանիշների առումով Հայաստանը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած թիրախներին՝ մասնավորապես 2022թ. մինչև առաջին կեսն ապահովել մեծահասակ ազգաբնակչության 70 տոկոս ընդգրկվածություն, դեռ այս ցուցանիշին էլ ունենք հասնելու։ Սակայն դրանից հետո էլ պետք է շարունակել, որպեսզի ակնկալվող նոր բարձրացմանը ունենանք այնպիսի իրավիճակ, որ մեր ռիսկի խմբերը պատվաստված լինեն, և նույնիսկ եթե հիվանդանան՝ չհոսպիտալացվեն, չմահանան։ Ներկայումս Հայաստանում 2 դեղաչափ պատվաստանյութ ստացածները կազմում են 44 տոկոս։ 

- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների քանի՞ տոկոսն է եղել պատվաստված։ 


- Այս ցուցանիշները դեռևս վերլուծվում են, ամփոփման փուլում են։ Սակայն պետք է մի բան հաշվի առնել, որ պատվաստումը  ամբողջական պատվաստումն է կամ բուստերից հետո։ Սակայն մայիսի 1-ի դրությամբ վերակենդանացման բաժանմունքում գտնվող անձանցից 100 տոկոսը պատվաստված չէ։ 

- Որոշ երկրներ մուտք գործելու համար, որտեղ պահանջ կա պատվաստման QR կոդերի, նշում են, որ պատվաստումից հետո նախքան 6 ամիսը լրանալն են անցողիկ այդ կոդերը։ Սա խոսո՞ւմ է այն մասին, որ 6 ամիսը լրանալուց հետո նորից պետք է մարդիկ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ։

- Տարբեր քաղաքականություններ են կիրառվում, երկրներ կան, որոնք բուստերից հետո նաև 4-րդ դեղաչափ են պահանջում։ Մեր երկրում դեռ նման սահմանափակում նախատեսված չէ, դեռ ուսումնասիրում ենք միջազգային փորձը։ Անձը 2 դեղաչափից հետո 3-6 ամիս հետո պետք է ստանա իր բուստեր դեղաչափը, այլ դեղաչափերի մասով երկրում քաղաքականություն չի կիրառվում, բայց պետք է հետևենք, տեսնենք՝ եկող շտամներն իրենց ինչպես կդրսևորեն, ինչպես նաև ուսումնասիրենք համաշխարհային փորձը, հետո նոր որոշումներ կկայացնենք։  

- Եթե քաղաքացին պետք է գնա այնպիսի երկիր, որտեղ պահանջ կա պատվաստման վեց ամիսը լրացած չլինելու, բայց իր պատվաստումից անցել է 6 ամիսը, եթե քաղաքացին նորից պատվաստվի՝ իր առողջությանը որևէ վտանգ չի՞ սպառնալու։  

- Անձը իր ցանկությամբ վերջին դեղաչափից առնվազն 4 շաբաթ հետո կարող է փոխել պատվաստանյութը՝ կախված այն բանից, թե որ երկիր է գնում, որովհետև որոշ երկրներ ունեն կոնկրետ պատվաստանյութերի պահանջ, և դա որևէ ձևով չի ազդում իր առողջության վրա, ընդամենը դա մեկ բուստեր էֆեկտ է ունենում, որովհետև օրգանիզմ մտցնում են ընդամենը վիրուսի մի մասնիկ, որի նկատմամբ սկսում են հակամարմիններ առաջանալ, իսկ եթե այդ հակամարմիններն արդեն կան՝ մեկ անգամ ևս իմունահամակարգը խթանվում է։  

Նարա Մարտիրոսյան