Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Վանք ու Նարեշտար գյուղերի սահմանային հատվածում երեկ ու այսօր կրակոցներ չկան, բնակիչներին տարհանելու խնդիր չկա․ Մարտակերտի շրջանի վարչակազմ

Արցախի Վանք ու Նարեշտար գյուղերի սահմանային հատվածում երեկ ու այսօր կրակոցներ չկան, բնակիչներին տարհանելու խնդիր չկա․ Մարտակերտի շրջանի վարչակազմ
Հայաստան
11:54, 03 август 2022
Արցախի Մարտակերտի շրջանի Վանք ու Նարեշտար գյուղերի սահմանային հատվածում են 2 օր առաջ եղել կրակոցները։ Հիմա կրակոցներ չկան, առաջին օրն է եղել միայն։ Սահմանը մոտ չէ գյուղերին, բնակիչներին տարհանելու խնդիր չկա, թե կանայք, թե երեխաները գյուղերում են մնացել։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեցին Մարտակերտի շրջանի վարչակազմից ու հավելեցին․ «Վախենալու ոչ մի բան չկա»։ 

Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է՝ Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածում, որ լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Ըստ պաշտպանության բանակի տեղեկատվության՝ ադրբեջանական կողմի սադրանքից տուժել է մեկ ՊԲ զինծառայող, որի վիճակը գնահատվել էր բավարար։ 

«Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը՝ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:»,- գրված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է կրակոցների արդյունքում իր մեկ զինծառայողի զոհվելու մասին։