Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կտպագրվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց

Կտպագրվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման  կանոնակարգման ուղեցույց
Հայաստան
13:19, 03 август 2022
Իտալացի փորձագետները Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ
նախաձեռնությամբ մշակել են Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում
կառուցապատման կանոնակարգման ուղեցույց և գոտևորման աշխատանքների մեթոդաբանություն՝ միտված Գյումրիի
պատմական միջավայրի քաղաքաշինական ամբողջականության պահպանմանը: Մինչ վերջնական տարբերակի
հաստատումը՝ մշակված փաստաթղթերը ներկայացվում են շահագրգիռ կողմերին՝ պատվիրատու գերատեսչությանը,
համայնքի բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական հանրությանը:

Մասնավորապես՝ փաստաթղթերի լրամշակված տարբերակը քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի
պատասխանատուների հետ: Դիտարկվել են պատմական ժառանգության ամբողջականության պահպանման
հիմնավորումները և առաջարկվող գործիքակազմը: Կատարված աշխատանքը ներկայացվել է նաև Գյումրի համայնքի
ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ
վերջինս կարևորել է փորձագետների վերհանած հիմնախնդիրները: Ուշադրություն է դարձվել նաև արդիական այլ
խնդիրների՝ պատմական միջավայրում գովազդային և տեղեկատվական վահանակներին ներկայացվող պահանջների
հստակեցմանն ու հանրային տարածքների կազմակերպմանը:

Ուղեցույցն ու մեթոդաբանությունը մեկ անգամ ևս շրջանառվել են հիբրիդային ձևաչափով կազմակերպված
աշխատաժողովի շրջանակում, որի ընթացքում շահառու խմբերի, ոլորտի մասնագետների հնչեցրած առաջարկները
ներառվել են փաստաթղթերում: ԱԶԲ կողմից գործընթացը համակարգող իտալացի մասնագետներն անդրադարձել են
նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի և ողջ քաղաքի տարածքի վերաբերյալ հավաքագրված
տվյալների թվայնացման հնարավորությանը:

Փաստաթղթերի կազմմանը նախորդել են հետազոտական աշխատանքներ՝ հավաքագրելու պատմամշակութային
արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերաբերյալ տվյալներ: Գործընթացում ներգրավվել են նաև
մասնագիտացված բուհերի դասախոսները և ուսանողները: Նախաձեռնության շրջանակում կարևորելով կրթական
բաղադրիչը՝ կազմակերպվել են դասախոսություններ Հայաստանի ամերիկյան համալսարանում նաև
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Իտալացի փորձագետներն
ուսանողներին ներկայացրել են ժառանգության պահպանության մեթոդաբանության, ինչպես նաև տեղեկատվության
թվայնացման առանձնահատկությունները:

Հաջորդ փուլում նախատեսվում է ուղեցույցի և մեթոդաբանության վերջնական տարբերակը տպագրել երկու
լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ուղեցույցը կընդգրկվի Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ «Շիրակ-4»

միկրոռեգիոնի համար մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի կազմում, որը ներառում է 3 մակարդակ՝
տարածքային պլանավորում, գլխավոր հատակագիծ, գոտևորման նախագիծ: Դա հնարավորություն կտա ուղղորդելու և
կանոնակարգելու համայնքում իրականացվող քաղաքաշինական գործընթացները՝ պահպանելով պատմական
ժառանգությունը և քաղաքաշինական միջավայրի ամբողջականությունը: