Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր նախագահն ունի 150 հոգուց բաղկացած աշխատակազմ՝ չունենալով լուրջ լիազորություններ. ինչո՞վ են զբաղվում՝ պետության հաշվին է այդ ամենը. Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ

«Սահմանադրությունը պետք է հիմնված լինի իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա, իսկ իշխանությունների տարանջատումը տալիս է փոխզսպումների համակարգ։ Մեր Սահմանադրությունը չի առաջարկել փոխզսպումների համակարգ, և ինչի չի առաջարկել, որովհետև Սահմանադրությունը խախտել է իշխանությունների տարանջատման սկզբունքը»,- այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց խորհրդի անդամ,  «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մելքոնյանը։  

«Չկա եռաթև կառավարման համակարգ, կա երկթև կառավարման համակարգ, այսինքն՝ ԱԺ և կառավարություն գրեթե միաձուլված են։

Դատական համակարգը, իմ կարծիքով, ոչ թե իշխանությունների տարանջատման սկզբունքով է առանձնացված, այլ իրավունքի գերակայության սկզբունքով։ Եվ մենք փորձում ենք ԱԺ մեծամասնության կողմից ընտրված նախագահին տալ լրացուցիչ լիազորություններ, որը չի բերի դրական արդյունքի, քանի որ իշխանությունների տարանջատման գաղափարը կբացակայի»,- հավելեց նա ու ընդգծեց, որ այն մարմնին, որը ձևավորման խնդիր ունի որպես անկախ մարմին հանդես գալու, դժվար կլինի լրացուցիչ լիազորություններ տալ:

 «Այս խնդիրներին կարող ենք վերջնական լուծում տալ, եթե ընտրենք, թե կառավարման ինչպիսի մոդել ենք ընտրում։ Եթե մենք պետք է մնանք խորհրդարանական կառավարման մոդելին, նախագահի ինստիտուտն ավելորդ է։  Այսօրվա նախագահն ունի 150 հոգուց բաղկացած աշխատակազմ՝ չունենալով լուրջ լիազորություններ. ինչո՞վ են զբաղվում՝ պետության հաշվին է այդ ամենը»,- նշեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամը։ 

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների գիտնական անդամները խորհրդին են ներկայացրել  ՀՀ նախագահի գործառույթներն ընդլայնող իրենց առաջարկը. օրինակ՝ զեկույցով առաջարկվում է, որ ՀՀ նախագահն ըստ արժանիքների՝ մրցութային կարգով, նշանակի ՍԴ դատավորին, ԿԸՀ նախագահին, Հաշվեքննիչ պալատի նախագահին և այլն։ 

Մանրամասն՝ տեսանյութում