Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները հայ պատգամավորների և լրագրողների մուտքը Արցախ ուժով արգելափակելու հնարավորություն ունեն, իսկ ադրբեջանցի պսևդոբնապահպաններին ճանապարհից հեռացնելու՝ ո՞չ

Շուրջ 12 օր է, ինչ փակ է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող, Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը։

Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանցի իբր բնապահպանների կողմից, իսկ խաղաղապահները որևէ քայլ չեն ձեռնարկում այն բացելու համար։ Մինչ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան և ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում են, թե ռուս խաղաղապահները իրականացնում են իրենց վրա դրված պարտավորությունները, հարկ ենք համարում հիշեցնել, թե ինչպե՞ս էին նույն խաղաղապահները իրականացնում, այսպես կոչված, իրենց պարտավորությունները, երբ գործը հասնում էր հայկական կողմին սահմանափակելուն։

Այս տարվա ապրիլին, օրինակ, խաղաղապահները թույլ չտվեցին մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մուտք գործել Արցախ։ Առանց որևէ բացատրության խաղաղապահները փակել էին նրանց ճանապարհը ու ստիպել հետ դառնալ։

Հաջորդը 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ տեղի ունեցած դեպքն էր։ Օգոստոսին լրագրող Ժիրայր Ոսկանյանին կանգնեցնում են Լաչինում, քաշքշելով հանում մեքենայից և ասում, որ թույլ չեն տալու առաջանալ։ Ապա խաղաղապահները Ժիրայրին նստեցնում են իրենց պատկանող զրահափոխադրիչ մեքենան և տանում խաղաղապահների տեղադրած անցակետերից մեկը։ 

Ստացվում է՝ ռուս խաղաղապահները գիտեն ուժ կիրառելու ձևը, կարող են դա իրենց թույլ տալ, բայց միայն հայկական կողմի նկատմամբ։

Ադրբեջանական ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը ապահովելը, ստացվում է, խաղաղապահների պարտավորությունների մեջ մտնում է, իսկ Արցախում արգելափակված մարդկանց հումանիտար բեռներ հասցնելը, մարդկանց՝ իրենց ընտանիքներին հասցնել ապահովելը խաղաղապահների պարտավորությունը չէ, և ինչպես Զախարովան ու Պեսկովն են նշում՝ խաղաղապահները իրականացնում են իրենց վրա դրված պարտավորությունները։

Նույն օրերին իրենց վրա դրված պարտավորությունները կատարող խաղաղապահները արգելափակել էին նաև լրագրող Անի Գևորգյանի մուտքը Արցախ՝ կրկին առանց բացատրությունների։ 

Խաղաղապահները, փաստորեն, կարող են Հայաստանի Հանրապետության անգամ պատգամավորներին թույլ չտալ մտնել Լաչինի միջանցք, իսկ ադրբեջանցի պսևդոբնապահպանների, լրագրողների մուտքը ոչ միայն չի արգելափակվում, այլև հակառակը՝ վերջիններս են արգելափակում ռուս խաղաղապահների տեղաշարժը միջանցքով, որն, ի դեպ, գտնվում է հե՛նց խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ խաղաղապահները պտտվում և հետ են դառնում։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան