Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ պետի հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը. վարչապետը՝ 15 զինծառայողների մահվան մասին

«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,- այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության անդամները հոտնկայս հարգեցին զոհվածների հիշատակը:

Վարչապետը նշեց, որ գիշերվանից աշխատում են դեպքի հետ կապված պաշտպանության նախարարի հետ միասին:

«Առաջին հարցը, որ ծագում էր, այն էր, որ պետք է պարզաբանել, թե ով և ինչ չի արել»,- ասաց վարչապետը և պարոն Քյարամյանից ևս ստացավ հավաստիացում, որ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել, որը բռնկվել է և հնարավոր չի եղել մարել:
Ինչպես նշեց վարչապետը, ՆԳՆ փրկարար ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, բայց հեռավորությունը մեծ է եղել:
«Պարզել ենք, որ 2022թ. դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է ԳՇ կարգադրությունը՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», և հստակ հրահանգ է տրվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ըստ այդմ՝ պետք էր խստիվ արգելել ավտոոբենզինի օգտագործումը որպես կպչան:

Վարչապետի խոսքով՝ այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը. «Սակայն 5-լիտրանոց տարայով փորձ է արվել բենզին լցնել վառարանի մեջ, և ինքնապաշտպանական բնազդով 5-լիտրանոց բենզինը շպրտվել է վառարանի զորամասի ուղղությամբ»: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սրանք նախնական տվյալներ են: