Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր գոնե պիտի համախմբվենք՝ միասնական հաղթահարելու պարտադրված մարտահրավերները․ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ

Այսօր գոնե պիտի համախմբվենք՝ միասնական հաղթահարելու պարտադրված մարտահրավերները․ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ
Հայաստան
22:35, 02 май 2021
Մայիսի 2-ին ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը Դիլիջանում մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկումներին։ Այս մասին հայտնում է Օպերատիվ շտաբի ֆեյսբուքյան էջը։

«Կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել հետպատերազմյան Արցախի առջև ծառացած խնդիրները ՝ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է Օպերատիվ շտաբի գործառույթները, կատարված և շարունակական բնույթ կրող աշխատանքները՝ հետագա ընթացքը հասկանալու և նախատեսվող անելիքներում առաջնահերթություններն առանձնացնելու համար։

Ձևավորման օրվանից շտաբը բացառապես զբաղվում է ՀՀ տեղափոխված՝ ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգմամբ և ըստ այդմ, ծրագրերի մշակմամբ՝ համագործակցելով ՀՀ համապատասխան մարմինների հետ։

Օպերատիվ շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը, չնայած, գործող սոցիալական ծրագրերից։

«Այժմ ժամանակն է ավելի հասցեական ծրագրերի՝ բնակարանաշինության, կենցաղային պայմանների բարելավման, ժամանակավոր և մշտական աշխատատեղերի ստեղծման, համապատասխան ենթակառուցվածքների և ընդհանրապես, կյանքի բոլոր ոլորտներին և մարդուն առնչվող ենթածրագրերի իրականացմանը՝ արցախցիներին նորից կապելու հող հայրենիին և հատկապես Արցախ վերադարձնելու ճանապարհին»,- նշել է Միքայել Վիրաբյանը և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել
Ավրորա նախաձեռնությանը համագործակցության համար, ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին, ՀՀ- ում Արցախի ներկայացուցչությանը, առանձին անձանց և կազմակերպություններին։

«Այսօր գոնե պիտի համախմբվենք՝ միասնական հաղթահարելու պարտադրված մարտահրավերները, քաղաքական ամբիցիաներից վեր դասելով մեր ծվատված Հայրենիքի պահպանման առաքելությունը, մեր իսկ առջև ծառացած սոցիալական և այլ բազմաբնույթ խնդիրների համար գտնելով միասնական լուծման տարբերակներ: Այլ օրակարգ չունենք. համախմբված և միասնական պիտի կառուցենք տունդարձի ճանապարհը»,-իր խոսքում նշել է Միքայել Վիրաբյանը»,- ասված է գրառման մեջ: