Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկը չկա՞ էս ազգի մեջ՝ վեր կենա, ասի՝ Արցախը Ադրբեջան չի՛, պարո՛ն ռուսներ, չի՛ եղել և չի՛ լինելու․ Հադրութցիները ԱԳՆ շենքի մոտ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ՝ ուղիղ

Մեկը չկա՞ էս ազգի մեջ՝ վեր կենա, ասի՝ Արցախը Ադրբեջան չի՛, պարո՛ն ռուսներ, չի՛ եղել և չի՛ լինելու․ Հադրութցիները ԱԳՆ շենքի մոտ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ՝ ուղիղ
Հայաստան
12:03, 05 май 2021
Հադրութի շրջանի բնակիչները հավաք են անցկացնում ԱԳՆ շենքի մոտ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի առթիվ։
 
«Լսել էինք, որ Լավրովը պետք է գա, բայց ժամը չգիտեինք: Որոշեցինք գալ էստեղ, տեսնենք կարո՞ղ ենք այդ մեր բողոքը ներկայացնել, երկրորդը՝ պետք է նամակ հանձնենք արտ. գործ. նախարարին, որպեսզի առաջին շաբաթվա մեջ մեզ ընդունի, որպեսզի մենք իմանանք մեր գլխի գալիքը՝ ինչ է լինելու», - ասաց հադրութցիներից մեկը:
 
Հադրութցիները շատ խիստ մտահոգություններ ունեն։ Ասում են՝ չեն ուզում Հադրութը մոռանալ, մնալու են այստեղ կամ բողոքը շարունակելու են Ստեփանակերտում, բայց սպասելու են այնքան ժամանակ, մինչև իրենց հայրենիքը հետ վերադարձնեն։
 
«Ռուսները հայտարարում են, որ Արցախը Ադրբեջան է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույս են տալիս, որ կարող է բանակցային գործընթացին քննարկեն։ Բոլորը հետաքրքրվում են Ղարաբաղով, բացի ՀՀ իշխանությունից և Արցախի իշխանությունից։ Մեկը չկա՞ այս ազգի մեջ՝ քաղաքական գործիչ, որ վեր կենա, ասի, որ Արցախը Ադրբեջան չի, պարո՛ն ռուսներ, չի՛ եղել և չի՛ լինելու» , - ասում հադրութցին: 
 
Նրա խոսքով՝ հադրութցիները ուզում են վերադառնալ հայրենիք և բացի Հադրութից ոչ մի ուրիշ տեղ չեն ուզում ապրել՝ ո՛չ Երևանում, ո՛չ Արցախի որևէ այլ շրջանում:
 
«Մեզ առաջարկում են Արցախի տարբեր շրջաններում բնակություն, բայց մենք չենք ուզում, քանի որ մեզ, եթե տանեն ինչ-որ մի տեղ, տեղավորեն, դա քայլ է հանդիսանալու, որպեսզի Հադրութը մոռացության տրվի։ Մենք չենք ուզում մոռանալ Հադրութը»: 
 
Նրա խոսքով՝ եթե նպատակ կա Հադրութը վերադարձնելու, ապա այն ուրիշ գյուղի ճակատագիրը, որը կկառուցվի տեղահանվածների համար, օրինակ, Ասկերանի շրջանում, ի՞նչ պետք է լինի, երբ Հադրութը վերադարձվի։ 
 
Հադրութցի պապիկը հավելեց, որ Արցախի և ՀՀ իշխանություններից պահանջում է մի բան՝ ծառայել Արցախի և ՀՀ ժողվորդին, հրաժարականի միջոցով, թե առանց հրաժարականի։