Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամուլսարի շահագործումը, ցավոք, ուշացած, բայց այսօր էլ անհրաժեշտ քայլ է՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով. Հակոբ Բադալյան

Ամուլսարի շահագործումը, ցավոք, ուշացած, բայց այսօր էլ անհրաժեշտ քայլ է՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով. Հակոբ Բադալյան
Հայաստան
13:53, 22 февраль 2023
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ կառավարությունը Լիդիան ընկերության հետ համաձայնագիր կստորագրի՝ Ամուլսարի շահագործման վերսկսման մասին:

Դեռեւս 2020  թվականի հուլիսի սկզբին, Ֆեյսբուքում իմ շատ հարգելի (աներկբա հարգանքով եմ վերաբերում բոլոր ընկերներին եւ հետեւորդներին) ընկերներից մեկի հետ՝ ում հետ ֆեյսբուքյան ընկերությունը համարում եմ պատիվ,  ունեցա թեմայի մասին Մեսինջերով անձնական խոսակցություն, որի առիթը եղել էր խնդրի վերաբերյալ այդ ժամանակ իմ հնչեցրած գնահատականը: 

Այդ խոսակցության ընթացքում ես նշեցի, որ ունեմ մտավախություն, որ 2018-ից հետո Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի եւ ներդրումային այդ խոշոր ծրագրի արգելափակման համար մենք կարող ենք վճարել շատ թանկ գին:

Առիթներ ունեցել եմ հանրայնորեն ասելու եւ գրելու, որ, ես խոշորածավալ այդ ծրագրերը դիտարկում եմ տնտեսա-քաղաքական ամբողջությամբ եւ համարում, որ միջազգային քաղաքականության մեջ դրանք ունեն մեծ կարեւորություն եւ պայմանավորում են վարքագծային շատ երանգներ: 

Հայաստանում արգելափակվեց արեւմտյան խոշորագույն ներդրումային ծրագիր, որն իմ, այո՝ սուբյեկտիվ համոզմամբ ունեցավ նաեւ քաղաքական, ռազմա-քաղաքական հետեւանք: Ըստ իս, դա եղել է 2018-ից հետո ձեւավորված քաղաքական իշխանության մեծ սխալներից մեկը:

Եվ նույնիսկ հարց է առաջանում, ու՞ր էին այդ ժամանակ ուժերը, որոնք 2020-ի նոյեմբերից հետո ամեն օր «երդվում» են Արեւմուտքի անունով: Ու՞ր էին, երբ պետք էր Հայաստանի եւ Արեւմուտքի գործակցության առարկայական, գործնական գրեթե միակ շոշափելի եւ խոշոր օրինակի շուրջ պատասխանատու դիրքավորում, երբ ԱՄՆ դեսպանները, այլ դիվանագետներ ուղիղ կերպով հայտարարում էին, որ այդ ներդրումային ծրագիրից է կախված Հայաստանում արեւմտյան ներդրումների հեռանկարը: 

Իսկ ո՞րն էր այդ հայտարարությունների տողատակը: Տողատակն այն էր, որ այդ առարկայական օրինակներն են ցույց տալու, թե դուք որքանով եք պատրաստ պատասխանատու գործընկերության, ոչ թե հռչակագրային քնարերգությունը կամ պարզունակ հակառուսականությունը:

Ի դեպ, Ամուլսարի հարցը Հայաստանում անցավ տարիների «ոդիսական», իսկ ե՞րբ սկսվեց հանքի շինարարությունը: 2016 թվականի ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց:

2022 թվականի ապրիլի 20-ին, երբ Հայաստանի վարչապետը մեկնել էր Մոսկվա եւ դրա նախօրեին տարածվել էր ՌԴ նախագահի հետ հայտնի համատեղ հայտարարությունը՝ 30 կետանոց, Ամուլսար գնաց եւ Լիդիանի մասին վերստին հիշեցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Եվ դարձյալ «քար լռություն», որովհետեւ խոսքը քնարերգության առիթի մասին չէր, ասենք այնպիսի, ինչպիսին, օրինակ՝ «դեսպանը գնաց Սյունիք եւ այդ այցով փրկեց Սյյունիքը»: Առիթը ենթադրելու էր քաղաքական պատասխանատվություն, ոչ այնքան պոպուլյար,, բայց առարկայական թեմայով:

Սա Հայաստանի ներքաղաքական կյանքի «անատոմիական» դրվագներից մեկն է:

Իսկ Ամուլսարի շահագործումը, ցավոք ուշացած, բայց այսօր էլ անհրաժեշտ քայլ է, թե տնտեսական, թե քաղաքական իմաստով: