Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում գրանցված մինչ 41,2 աստիճան տաքությունը մոտ երկու աստիճանով գերազանցեց 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը․Գագիկ Սուրենյան

Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում գրանցված մինչ 41,2 աստիճան տաքությունը մոտ երկու աստիճանով գերազանցեց  1998 թվականին դիտված պատմական ռեկորդը․Գագիկ Սուրենյան
Հայաստան
13:01, 02 июль 2021
«Սովորաբար ամառային սեզոնին հայաստանյան եղանակային կլիմայական պայմանները ձևավորվում են արևադարձային լայնություններից, հարավից, Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները, որոնք ըստ օրինաչափության, դրանց բուռն ներհոսքը սկսվում է հունիսից։  Բայս այս տարի այդ օդային զանգվածները մեր երկիր սկսեցին ներթափանցել անմիջապես հունիսի առաջին տասնօրյակից, իսկ հունիսի 15-ից հետո այդ պրոցեսը շատ ավելի սրվեց»,-այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

Նրա խոսքով՝ արդյունքում ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15-29 ընկած ժամանակահատվածում  գրեթե բոլոր օրերին հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և Երևանում, առավելագույն ջերմաստիճանները այդ բոլոր օրերին գերազանցեցին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։ 

Գագիկ Սուրենյանը նաև նշեց, որ հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41,2 աստիճան տաքություն, որը մոտ երկու աստիճանով գերազանցեց  1998 թվականին դիտված պատմական ռեկորդը՝  39,2-39,4 աստիճանը։

«Ստացվեց, որ այս տարվա հունիսը  օդերևութաբանության պատմության մեջ  դարձավ և՛ միջին ջերմաստիճանով,  և՛ շոգերի տևողությամբ,  ջերմաստիճանի առավելագույն  ցուցանիշներով՝ ամենատաքը»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ 

Ինչ վերաբերում է տեղումներին, Գագիկ Սուրենյանը նշեց, որ 2000 թվականից հետո  ունեցել ենք աննախադեպ պատկեր՝ Գեղարքունիքի մարզից Մասրիկի հատվածը, Արարատյան դաշտից Արտաշատ-Ուրցաձոր հատվածը և Երևանի առանձին հատվածներ ընդհանրապես ամբողջ հունիս ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել, իսկ հյուսիսային շրջաններում՝ Լոռի, Տավուշ, Շիրակում թափվել է ամսկաան նորմայի տեղումների ընդամենը 30-ից 40 տոկոսը։   
      
«Ոռոգովի տարածքների վրա դեռևս  առանձնապես որևէ լուրջ ազդեցություն չեն թողել։ Խոսքը գնում է ոչ ոռոգովի տարածքների մասին, որոնք հիմա խոցելի են, մասնավորապես՝ խոսքը գնում է Շիրակի, Արագածոտնի լեռնային շրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի լեռնային շրջանների մասին, այսինքն՝ այն տարածքները, որոնք ոռոգովի չեն։  Այդ հատվածներում, բնականաբար, սակավ տեղումները և բարձր ջերմային ֆոնը  իրենց անմիջական բացասական ազդեցությունն են թողել գյուղատնտեսության վրա։ Եվ խոտհարքներն են բավականին տուժել, որովհետև տեղումների երկարատև բացակայության պայմաններում  խոտի աճը կամ թուլանում է կամ ընդհանրապես դադարում է»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Այնուհետև նա ՇՄ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի անունից կոչով դիմեց մեր ազգաբնակչությանը նշելով, որ իրենք ամենօրյա տեղեկագրում և կանխատեսումներում զգուշացնում են, որ հանրապետությունում, մասնավորապես՝ Արարատյան դաշտում, դրա նախալեռնային գոտին, Վայոց ձորը և նդրա նախալեռնային գոտին, Սյունիքի հովտային գոտին ամենաբարձր կարգի 5-րդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ է, այնպես որ թող պահպանեն հրդեհավտանգության կանոնները և  շատ զգույշ լինեն, որովհետև մի փոքր անզգուշությունը կարող է պատճառ դառնալ աղետալի հրդեհների։