Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանգնած ենք վտանգավոր աշխարհի առջև. կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության հասնել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առաջին անգամ պաշտոնական այցով Երևան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իր ելույթում բարձր գնահատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությունը խաղաղության գործընթացում և ժողովրդավարական արժեքներին դավանելու գործում:

«Ես ողջունում և դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին: Հայաստանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության կարևորագույն գործընկերներից է: Ես ողջունում եմ ձեր զինծառայողների մասնակցության ավելացումը վերջին տարիներին»,- հայտարարեց Ստոլտենբերգը:

Ինչպես նշեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այսօր ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: 

«Սա կարևոր է եվրաատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև. այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որը ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության համար»,- հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: